27/05/2015 11:51
Պաշտպան. Մուրացկան երեխաներին գումար տալով՝ մենք խաչ ենք քաշում երեխաների ճակատագրի վրա
Մենք պարբերաբար մոնիտորինգներ ենք իրականցնում, ակցիաներ ենք կազմակերպում տարբեր մանկատներում ու գիշերօթիկ հաստատություններում, որոնք միտված են երեխաների իրավունքների պաշտպանության բարձրացմանը: ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքները այսօր էլ շարունակվում են:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին ի պատասխան, թե բյուջեի շրջանակներում ի՞նչ աշխատանքներ են այս ուղղությամբ իրականացվում, Օմբուդսմենը ասաց, որ այդ թրեյնինգների շնորհիվ այսօր քարոզում են, որ մարդիկ չօգնեն հատկապես մուրացիկ երեխաներին:
«Մուրացկան երեխաներին գումար տալով՝ մենք խաչ ենք քաշում երեխաների ճակատագրի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ, ՄԻՊ գրասենյակն այսօր կարողանում է անգամ կանխարգելել դեպքեր, երբ դրանցում առկա են հանցավոր տարրեր:
«Համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք կանխել մի դեպք, որի առթիվ կա արդեն հարուցված քրեական գործ: Երեխաների վերաբերյալ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը շատ են, հատկապես մանկատներում ու գիշերօթիկ հաստատություններում: Այդ հաստատություններում երեխաները հաճախ են սկանդալների կենտրոնում հայտնվում, բայց ինտերակտիվ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք դրանց թիվը որոշակի կրճատել: Բոլոր դեպքերի ու մեր կատարած աշխատանքների վերաբերյալ մանրամասները կներկայացնենք մեր տարեկան զեկույում, բայց երեխաների վերաբերյալ ունենք հավելյալ հաշվետվություն»,- ասաց նա: