27/05/2015 13:13
ՄԻՊ-ն աշխատում է, որ Գորիսի միջադեպի բոլոր մեղավորները պատժվեն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ երբ ավարտվի Գորիսում աղմկահարույց ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը, նա իր գնահատականը կհնչեցնի:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքն արդեն տուժող կողմից ստացել է համապատասխան հարցադրումներով դիմում, որի հետ կապված արդեն դիմել է իրավապահ մարմիններին:
Պաշտպանի խոսքով՝ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի միջադեպի բոլոր մեղավորները պատժվեն: «Օրերս Գլխավոր դատախազն էլ է Ազգային ժողովում հայտարարել, որ այս դեպքում մեր հնարավորությունները սահմանափակ են, որովհետև իրենք իրավունք ունեն մեզ չտրամադրել դեռևս քննությունը չավարտված գործի նյութերը, սակայն այս պարագայում էլ մենք ճանապարհներ ենք գտնում, որպեսզի կարողանանք գործին հետևել և որոշակի ազդեցություն ունենալ»,- նշեց Կ. Անդրեասյանը:
Նա ընդգծեց նաև, որ ՄԻՊ-ի գրասենյակը հետևում է, որպեսզի գործի քննության ընթացքում դատավարական իրավունքների պատշաճ ապահովում իրականացվի, և տուժող կողմին տրամադրվեն համապատասխան բոլոր նյութերը:
«Երբ մենք վարույթ ենք հարուցում, դա նշանակում է, որ գործը մեր ուշադրության կենտրոնում է: Վաղ թե ուշ, այդ գործի քննությունն ավարտվելու է և մենք տալու ենք մեր գնահատականը»,- եզրափակեց նա: