27/05/2015 11:18
Ճոյտը՝ գազալցակայանում պայթյունի մասին. Դեռ ոչ մի առաջընթաց չկա
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին այժմ միայն եղբոր և որդու առողջական վիճակն է հետաքրքրում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանը:
Հ. Հակոբյանի խոսքով՝ նրանց վիճակը նույնն է, առաջընթաց չկա: Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է նրանց արտերկիր տեղափոխեն, նա պատասախնեց, որ կանեն այն ամենը, ինչ որ այս պահին անհրաժեշտ է, սակայն դեռևս նման խոսակցություն չկա:
Հարցին՝ ճի՞շտ է, որ գազալցակայանը 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել և դրա համար մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1 մլն դրամի չափով, նա պատասխանեց, որ հիմա խոսելու է միայն իր հարազատների առողջական վիճակից:
Հարցին՝ արդյոք դա իր դեմ կազմակերպված չի համարում, նա պատասխանեց, որ այժմ որևէ նման հարցի չի ցանկանում պատասխանել:
Նշենք, որ մայիսի 26-ի առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով վիրավորվել են Հ. Հակոբյանի եղբայրը, որդին և գազալցակայանի աշխատակիցը:
Ավելի վաղ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նորայր Դավիդյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հ. Հակոբյանի եղբոր վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա ունի 65 % այրվածքներ, իսկ Հակոբ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Արմեն Հակոբյանը, երկուսն էլ ստացել են շնչուղիների այրվածքներ, իսկ գազալցակայանի աշխատակցի՝ 1994 թ. ծնված Գասպարյան Արթուրի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա թեթև այրվածնքներ է ստացել դեմքի և դաստակների շրջանում: