27/05/2015 15:23
Հոսանքի սակագնի հետ կապված՝ Պաշտպանը գրություն է ուղարկել Ռոբերտ Նազարյանին, սպասում է պատասխանի
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: Այս մասին հայտարարեց Պաշտպանը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ ըստ օրենքի, եթե կա գործընթաց, պետք է լինի հանրային քննարկում:
«Ես պարոն Նազարյանին հարց եմ ուղղել, թե ի՞նչ ֆորմատով է քննարկումը լինելու, շահագրգիռ մարմիններն են հրավիրվելո՞ւ, որ լինի պատշաճ գործընթաց»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ միայն պատշաճ գործընթացներից հետո կանդրադառնա հարցի բովանդակային մասին:
Հարցին՝ հոսանքի սակագնի բարձրացման մեջ չի տեսնում մարդու իրավունքների խախտում, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ցանկացած դեպքում պետք է ուսումնասիրվի` հայտում ողջամի՞տ են ներկայացրել տվյալները, թե՞ ոչ, գողացվա՞ծ ծախսեր են, թե՞ արդարացված, սպառողների հաշվին ճոխություն վայելող ծախսե՞ր են, թե՞ դրանք այնպիսի հիմնավորումներ են, որ եթե չվճարենք, կմնանք մթության մեջ: Այս բովանդակային հարցերի պատասխանը մենք չէ, որ պետք է տանք»,- ասաց նա:
Իսկ թե որքանով է իրավական, որ ՀԷՑ-ն իր մեքենաների գնումը և բարեգործությունը փորձում է իրականացնել սպառողների հաշվին, Կարեն Անդրեասյանը ասաց, թե ծանոթացել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դիրքորոշման հետ և եթե հիմնավորվի, որ ինչ-ինչ մարդկանց վատ վարչարարության, ճոխամոլության կամ որևէ այլ ոչ ողջամիտ պատճառներով սակագին է բարձրացվելու, իհարկե, այդտեղ կա մարդու իրավունքների ոտնահարում: