27/05/2015 16:22
ԲՀԿ-ն մասնակցելու է էլէներգիայի թանկացման դեմ բոլոր ակցիաներին
ԲՀԿ-ն առաջինն էր, որ Ազգային Ժողովում էներգետիկայի փոխնախարարից հետաքրքրվեց այն մասին, թե արդյոք ճիշտ են մամուլում շրջանառվող խոսակցությունները, որ հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Իմ հարցին, մասնավորապես փոխնախարարը պատասխանեց, թե ինքը տեղյակ չէ: Բայց թե ինչ եղավ հետո բոլորս էլ տեսանք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա հիշեցրեց, որ խմբակցությունը հրավիրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին քննարկելու այս հարցը, թե ինչ հիմքերով, ինչ վերլուծությունների հիման վրա են հայտատու կազմակերպությունները ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հայտը.
«Բոլորիս էլ հետաքրքրում է, թե ինչո՞ւ իրենց կորուստների, իրենց գերշահույթների, ու անթույլատրելի շռայլությունների համար պետք է վճարի ՀՀ հարկատուն»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով նաև, որ հանդիպումը Ռոբերտ Նազարյանի հետ հնարավոր է ավելի լայն մասշտաբով կայանա, քանի որ ինքը հնչեցրել է հրավեր բոլոր խմբակցությունների ամսնակցել դրան:
Ի դեպ, տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ մասնակցելու է այսօր ԲՀԿ-ն երեկոյան կայանալիք «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» քայլերթին.
«Անպայման: Բացի այս, նաև մարզերում մեր բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները մասնակցելու են նմանատիպ բողոքի ակցիաներին»,- շեշտեց պատգամավորը: