27/05/2015 13:34
ՀԷՑ-ն իր չարաշահումների հարցում համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ․ «Ալյանսի» փոխնախագահ
ՀԷՑ-ը լուրջ ներդրումներ չի անում, ինչը պարտավոր է անել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց նորաստեղծ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ «Ալյանս» կուսակցությունը հարցումներ է ուղարկել կառավարությանն ու այլ պատկան մարմիններին՝ ՀԷՑ-ի մասնաճյուղերում ամենամսյա գրասենյակային գույքի գնման քանակի ու գնի մասին տեղեկատվություն պարզելու համար:
Նորաստեղծ քաղաքական ուժի փոխնախագահը մատնանշեց մի քանի խնդիր ՀԷՑ գործունեության մեջ: Նա մասնավորապես առանձնացրեց, այն, որ ՀԷՑ-ի տնօրենն արդեն չորս տարի է՝ այդ պաշտոնին է, բայց մասնաճյուղերի տնօրեններից ոչ մեկը դեռևս աշխատանքից չի ազատվել, ՀԷՑ ղեկավարները ստանում են միլիոնավոր դրամներ, գնում են թանկարժեք մեքենաներ, մեկ տուփ A4 ձևաչափի թղթերը առավելագույնը 2500 դրամ արժեն, իսկ ՀԷՑ-ը գնում է չորս հազար դրամով:
Բանախոսի կարծիքով՝ կան մասնաճյուղի տնօրեններ, որոնք արդեն տասը տարի տնօրինում են ու ամենայն հավանականությամբ, այդտեղից էլ կգնան թոշակի:
«ՀԷՑ-ն իր չարաշահումների հարցում համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ, եթե այդպես չլիներ, Գլխավոր դատախազությունը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի չարաշահումների, գողության դեպքերի մասին, որպես հանցագործության մասին հաղորդում կընդուներ»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը՝ Ս. Հարությունյանը նշեց, որ քաղաքացիները թույլ չեն տա թանակցում և հանրային ճնշումը աննախադեպ է լինելու: