27/05/2015 15:30
Հերթը հասավ շռայլություններին. Վարչապետը կրճատում է գործուղումները
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է գործուղումների քանակին ու հանձնարարել կրճատել դրանց քանակը։ Ըստ վարչապետի` պետք է քննարկել և հասկանալ, թե որոնք են կարևոր գործուղումները, գնալ միայն դրանց, իսկ եթե գործուղումը պակաս կարևոր է, ապա պետք է մերժել դրանք:
Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ֆինանսների սղությունը, ինչպես նաև հանրության քննադատությունն առ այն, որ պետական կառույցների աշխատակիցները իրենց աննախադեպ շռայլություններ են թույլ տալիս հանձնարարականն, իսկապես, կարևոր է ու սպասված:
Հիշեցնենք, որ վերջին օրերին, երբ ԱԺ-ում քննարկվում է 2014թ-ի պետական բյուջեի կատարողականը, այս հարցը բազմիցս է բարձրաձայնվել ու կարևորվել պատգամավորների կողմից, այնպես որ հուսանք, որ գործուղումների վրա տնտեսումները միայն Կառավարության անդամներին չեն վերաբերի:
Aysor.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այն, որ ցանկացած գործուղում պետք է լինի նպատակային ու արդյունավետ կասկածից վեր է, քանի որ, ցավոք, միշտ չէ, որ գործուղումներն այդպիսին են՝ թե Կառավարության, թե Ազգային ժողովի դեպքում:
«Ես հիմա չեմ ցանկանում օրինակներ թվել, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ օգտագործվում է առիթը ուղղակի գործուղումը վերածելու ժամանցային, տուրիստական ճանապարհորդական այցի: Եվ վարչապետի դիտարկումը, որ գործուղումները պետք է կրճատել իհարկե ողջունելի ու ընդունելի է»,- ասաց նա՝ շեշտելով, որ նույն մոտեցումը պետք է անպայման ցուցաբերվի նաև ԱԺ-ում:
Պատգամավորը կրկնեց՝ որևէ այց, որևէ պատգամավորի անուն չի ուզում հնչեցնել կամ առանձնացնել, բայց մենք ունենք պատգամավորներ, որոնք ուղղակիորեն չեն հասցնում ինքնաթիռի մի տռապից անցնել մյուսը և Հայաստանում լինում են միայն իրենց տարբեր այցերի շատ կարճ ինտերվալում:
«Ես որևէ խնդիր այստեղ չէի տեսնի, եթե այդ այցերի ու գործուղումների արդյունավետությունը տեսանելի լիներ, բայց, ցավոք սրտի, ոչ բոլոր այցերն ու ոչ բոլոր գործուղումներն են, որ տալիս են այն արդյունքը, որի համար Կառավարության կամ խորհրդարանի տվյալ անդամը գործուղվում է այս կամ այն երկիր»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հավելելով, որ սա իրապես լուրջ խնդիր է, որի հիմքում պետք է դրվի արդյունավետության կարևորումը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, նշելով, որ սա իսկապես ողջունելի հանձնարարական է, այդուհանդերձ նշեց, որ չի կարծում, թե գործուղումներն են ամենաշռայլ ծախսերը պետական համակարգում, առավել ևս, որ երկկողմ փոխայցելությունները դիվանագիտության համար շատ կարևոր են.
«Ես ողջունում եմ այդ որոշումը, որ գործողումները կրճատվեն, բայց վստահ եմ, որ դա պետք է բավականին նուրբ արվի, որպեսզի դրա հետ մեկտեղ չկրճատվեն նաև անհրաժեշտ գործուղումները: Իսկապես շատ են դեպքերը, երբ մարդիկ մեկնել են գործուղման, որոնք այնքան էլ կարևոր չեն եղել և ստացվել է, որ մեկնել են շրջագայելու, այնպես որ հուսամ, որ այսուհետ ավելի ուշադիր կլինեն»,- ասաց նա:
Է.Մարուքյանը շեշտեց՝ սա առաջին քայլն է, որը պետք է շարունակական լինի, քանի որ պետական սեկտորում բազմաթիվ ծախսեր կան, որ պետք է կրճատվեն.
«Բազմաթիվ պետական հիմնարկություններ կան, որոնք ունեն հարյուրավոր վարորդներ, հարյուրավոր մեքենաներ, որոնք սպասարկվում են տարբեր ընկերությունների կողմից, իսկ այդ ամենը ահավոր, սարսափելի մեծ ծախսեր են: Քաղաքակիրթ աշխարհը դրա լուծումը տվել է, օրինակ՝ անհրաժեշտության պարագայում կա ճանապարհածախսի փոխհատուցում և այլն: Իսկ մեզ մոտ տոտալ սովետական պրակտիկա է, որ բոլոր պաշտոնատար անձինք անխտիր ունեն ծառայողական մեքենաներ, վարորդներ, դրա հետ կապված ծախսեր: Սա մի մեծ բեռ է պետական բյուջեի վրա»,- թվարկեց նա ու ընդգծեց՝ տարիներով եկած ու ամրապնդված այդ ճոխությունները պետք է ծայրահեղ կրճատվեն.
«Թող հեծանիվով գնան աշխատանքի, կամ ոտքով, կամ էլ իրենց անձնական մեքենայով գնան: Պետական ծառայությունը զոհաբերություն է, պետական ծառայությունը շռայլություն չի, հետևաբար պետական ծառայության անցնելուց մարդիկ պետք է հասկանան, որ գնում են զոհաբերությունների ճանապարհով ի շահ իր պետության ու քաղաքացիների: Եվ ոչ թե գա վայելի՝ ծառայողական մեքենա, վարորդ, որը կսպասարկի իր ընտանիքի անդամներին, անհամար գործուղումներ… ո՞ւմ հաշվին: Հարկատուի վիզն այդքան հաստ չի, որ հարկատուի վզին դնենք այդքանը»:
Հետևաբար, հավելեց պատգամավորը, գործուղումների քանակի կրճատումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է: Թեև հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի իր նշված ծայրահեղ ծախսերի կրճատման առումով: