27/05/2015 13:56
Երևանում 4 երիտասարդ բենզինի կտրոններ են կեղծել և իրացրել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է բենզինի կեղծ կտրոններ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ 4 երիտասարդ, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի դեկտեմբերին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բենզալցակայաններում իրացրել են բենզինի կեղծ կտրոններ։
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ կեղծվել են հիմնականում բենզինի «Ռեգուլյար» տեսակի 20 լիտրանոց և «Սուպեր» տեսակի 10 լիտրանոց կտրոնները, որոնցից մի քանիսն իրացվել են, իսկ հերթական խմբաքանակի իրացման փորձի ժամանակ՝ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, բենզալցակայանի աշխատակիցների կողմից բացահայտվել է կտրոնների կեղծ լինելու հանգամանքը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 4 անձի, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Վրաստանի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: