28/05/2015 12:10
Երվանդ Զախարյան. Չեմ կարծում, որ հոսանքը կթանկանա 17 դրամով
Կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և այդ հարցերից մեկն էլ հոսանքի թանկացումն է:
Այս մասին այսօր «Սարդարապատ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն՝ ավելացնելով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ցանկալի չէ ոչ մեկին, և դրանով զբաղվելն էլ հաճելի աշխատանք չէ:
«Այս պահին ուսումնասիրություններ են կատարվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որը 1 շաբաթից կհրապարակի ուսումնասիրության արդյունքները: Ես չեմ կարծում, որ հոսանքը17 դրամով կթանկանա, մնացածի մասին հանձնաժողովը հայտարարություն կանի»,-ասաց նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ ՀԷՑ-ը դիմել էր Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման պահանջով: