28/05/2015 09:02
Հիպոթեկի շուկան ակտիվանում է
Թեև եկամտային հարկի վճարները հիպոթեկի տոկոսների մարմանն ուղղելու միջոցով կառավարությունը նպատակ ուներ ակտիվացնել շինարարության ոլորտը՝ միաժամանակ թեթևացնելով հասարակության բնակարանային պայմանների բարելավման բեռը, այնուհանդերձ դա գոնե առայժմ քիչ, թե շատ արդյունքներ չի տվել։ Պատահական չէ, որ օրենքի գործողության մեջ մտնելուց հետո հիպոթեկի նկատմամբ հետաքրքրությունները բոլորովին էլ չեն ավելացել։ Ավելին, գրավադրման գործարքների քանակը ոչ միայն չի աճել, այլև նույնիսկ նվազել է։
Պատճառներին կառավարության անցած նիստում անդրադարձավ նաև վարչապետը՝ հայտարարելով, որ քաղաքացիներից ահազանգեր են հնչում եկամտային հարկի ընձեռած հնարավորությունից օգտվելու պրոցեսների բարդության, մեխանիզմների ոչ հասկանալի լինելու վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց ֆինանսների նախարարությանը կարճ ժամանակահատվածում պարզեցնել ընթացակարգերը։
Ստացվում է, որ մինչ կառավարությունը քայլեր է ձեռնարկում տնտեսական միջավայրը բարելավելու, հասարակության սոցիալական վիճակը թեթևացնելու ուղղությամբ, երբեմն դրանք բախվում են բյուրակորատական այնպիսի դժվարությունների հետ, որոնք թույլ չեն տալիս օգտվել ընձեռնված հնարավորություններից։ Մինչդեռ, թվում էր, թե այս նախաձեռնությունը նպաստավոր ազդեցություն կունենա հիպոթեկային շուկայի ակտիվացման վրա։ Հատկապես որ, դրա անհրաժեշտությունը բավականաչափ մեծ է ինչպես շուկայի աշխուժացման, բնակարանի կարիք ունեցող քաղաքացիներին աջակցելու, այնպես էլ շինարարության ոլորտի խթանման համար։
Տարեսկզբի առաջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ եկամտային հարկի օրենքով ընձեռնված հնարավորությունների ազդեցությունն այնքան էլ տեսանելի չէ հիպոթեկի շուկայում։ Գրավադրման գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև էապես կրճատվել են։
Առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում իրականացվել է ընդհանուր առմամբ 223 հիպոթեկային գրավադրման գործարք, որոնց քանակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է ավելի քան 42 տոկոսով։ Այդ երևույթը դիտարկվել է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ դրանից դուրս։ Երևանում գործարքները կրճատվել են 37,6, մարզերում կիսով չափ։
Ապրիլին Հայաստանում իրականացվել է հիպոթեկային գրավադրման 140 գործարք։ Նախորդ ամսվա նկատմամբ նկատվել է շուկայի ակտիվացում։ Սակայն նույնը չի կարելի ասել նախորդ տարվա հետ համեմատության դեպքում. Հիպոթեկային գործաքները նվազել են 41 տոկոսով։ Երևանում դրանք պակասել են գրեթե 29, մարզերում 60 տոկոսով։
Ի՞նչ կփոխվի եկամտային հարկի վճարները հիպոթեկի տոկոսների մարմանն ուղղելու հնարավորությունների պարզեցումից հետ, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից։