28/05/2015 13:39
Սերժ Սարգսյան. Անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նորերը սկսվեցին
Մայիսի 28-ը հայերի վերածննդի օրն է: Անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, հաջորդիվ նորերը սկսվեցին, սակայն դրանց մենք դիմակայում էինք, որովհետև արդեն ունեինք պետականություն: Քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության 97-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառաման ժամանակ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը ընդգծեց, որ հենց այդ ժամանակ էր ձևավորվում հայկական բանակը:
Շարունակելով խոսքը՝ ՀՀ Նախագահն ասաց, որ Առաջին հանրապետության խորհրդանիշներից առավել կարևոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները:
«Դրանցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետևյալներն են՝ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր և ժողովրդավարական արժեհամակարգ և Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է:
Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաև այսօր՝ մերօրյա երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում»,-ասաց Ս. Սարգսյանը:
«Հավերժ փառք բոլոր հայերին, ովքեր կերտեցին հայոց պետականությունը, փառք Առաջին հանրապետությանը, որը հենասյունն է երկրորդ և երրորդ հանրապետությունների»,- եզրափակեց խոսքը Հանրապետության ղեկավարը: