28/05/2015 12:35
Ա. Վիրաբյան. Մենք պատրաստ չէինք, բայց մայիսյան հերոսամարտերի արդյունքում հռչակվեց հայկական պետականությունը
Մայիսյան հաղթանակների խորհուրդը հասկանալու համար պետք է հետ գնալ պատմության մեջ, հիշել, որ թուրքերն 1918-ի հեռավոր այդ օրերին ջանում էին Արևմտյան Հայաստանը գրավելուց հետո գրավել նաև Արևելյան Հայաստանը՝ մեջտեղից հանելով հայությանը և Հայկական հարցը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրանք, ինչպես ասաց Ա. Վիրաբյանը, ցանկանում էին այսպիսով շարունակել 1915-ին կիսատ թողած իրենց գործը: Մայիսի 22-ին Սարդարապատի ճակատամարտը սկսվեց: Շատերը տեղյակ չէին, թե ինչ է կատարվում Արևմտյան Հայաստանում:
«Բայց կատարվեց հրաշք, նահանջից բացի ոչինչ չտեսած հայկական ուժերը մայիսի 22-ին միախմբվեցին և թուրքական բանակի դեմ փայլուն հաղթանակներ տարան: Սարդարապատի, Բաշ Ապարանի հաղթանակած ճակատամարտերի շնորհիվ Հայաստանը դարձավ պետություն: Իհարկե, մենք պատրաստ չէինք դրան, սակայն մայիսյան հերոսամարտերի արդյունքում հռչակվեց հայկական պետականությունը»,- ասաց Ա. Վիրաբյանը:
Մայիսյան հերոսամարտերի գլխավոր ձեռքբերումը, ասաց նա, Հայաստանի հանրապետության հռչակումն էր, թեև այն անհրաժեշտ էր Թուրքիայի հետ պայմանագիր կնքելու համար: Բանախոսը շեշտեցˋ չնայած մենք Հայաստանի հանրապետություն հռչակվելու օրը նշում ենք մայիսի 28-ին, բայց իրականում հռչակագիրը ամրագրվել է մայիսի 30-ին:
Նրա խոսքով՝ այդ օրերի բոլոր արձանագրությունները պահպանված են Ազգային արխիվում, փաստաթղթերի զգալի մասն էլ ներկայում պահպանվում է Վրաստանի արխիվներում:
«Մինչդեռ վրացիները հրաժարվում են դրանք մեզ փոխանցել»,- ընդգծեց նա:
Եզրափակելով խոսքը՝ Ա. Վիրաբյանը ցավով ասաց, որ հայ ժողովուրդը միշտ չէ, որ պատմությունից դասեր է քաղում: