28/05/2015 16:47
Մեկընդմիշտ հիշե՛ք՝ ես ոչ ոքի երբեք չեմ կաշառում. Գագիկ Բեգլարյան
Մեկընդմիշտ հիշե՛ք. ես ոչ ոքի երբեք չեմ կաշառում: Սարդարապատի հուշահամալիրում անդրադառնալով լուրերին, թե ինքը հանդիպել ու կաշառել է հայտնի տաքսիստ Արման Գալստյանին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Իսկ այն, որ նախարարը հանդիպել է Արմանի հետ, նա չհերքեց, ընդգծելով, որ Արման Գալստյանը ներկայացրել է անգամ առաջարկներ:
«Լուծումներ ես փորձում եմ գտնել բոլորի հետ: Նա ներկայացրել է խելամիտ մի քանի առաջարկներ, որոնք ես պատրաստվում եմ ընդունել: Կային նաև առաջարկներ, որոնք իրատեսական չէին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Արմանի առաջարկները եղել են 12-ը, որոնցից ընդամենը մի երկուսն են հետաքրքիր ու իրատեսական, մյուսները չընդունվող են, որոնք իրականում հակաօրինական են:
«Օրենքներն ընդունում է ԱԺ-ն, իսկ եթե դրանք հավանության արժանանան բոլորի կողմից, ապա չեմ կարծում, որ ԱԺ-ը դրանք մերժի: Նախարարը օրենքներ չի ընդունում»,- եզրափակեց Գ. Բեգլարյանը: