28/05/2015 17:43
Արմեն Երիցյան. Այդ գազալցակայանների հետևում թույլիկ մարդիկ չէին կանգնած, սակայն օրենքն օրենք է բոլորի համար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականից հետո ստեղծված խումբը երկուշաբթի օրվանից ստուգումներ կիրականացնի բոլոր գազալցակայաններում, թեև ստուգումներ եղել են, հայտնաբերված խախտումներն արձանագրվել են, իսկ տուգանքները եղել են մինչև 1 միլիոն դրամ, սակայն մարդիկ անփույթ են լինում երբեմն:
Հարցին՝ տուգանքները մուծելուց հետո գազալցակայանները կրկին շարունակո՞ւմ են իրենց գործունեությունը, Ա. Երիցյանը ասաց, որ տուգանքը մուծելուց հետո այդ խախտումները պետք է վերացվեն:
«Ես նոր էի նախարար նշանակվել, և մայրաքաղաքից մենք հանեցինք շարժական 25 գազալցակայան: Կարծում եմ՝ ԱԳԼՃԿ-ներում եթե ստուգումներից հետո տեսնենք խախտումներ, մենք կարգելենք նրանց հետագա գործունեությունը»,- ասաց նա:
Նա ասաց, որ չգիտի, թե որ գազալցակայանը ում է պատկանում, իսկ այդ «25-ի հետևում թույլիկ մարդիկ չէին կանգնած, սակայն օրենքը օրենք է բոլորի համար»: