28/05/2015 17:28
Բարձր կոչմանն արժանանալն ինձ պարտավորեցնում է հնարավորինս ավելի երկար ապրել. Երվանդ Երզնկյան
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մի շարք արվեստագետների, բժիշկների ու մանկավարժների հետ պարգևատրվեց նաև ՀՀ քաղաքացի Մարկոսյան Լարիսան, ով ստացավ Մայրական փառքի շքանշան:
«Շատ հուզված եմ, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ, որ արժանանում եմ նման պարգևի»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ մայրության ծանր աշխատանքի համար պարգևատրումն, անշուշտ պատվաբեր ու պարտավորեցնող է: «Առաջին Հանրապետության օրը տեղի ունեցող պարգևատրումն առավել մեծ պատիվ է»,- հավելեց նա:
Տիկին Լարիսան 14 զավակների մայր է, որոնցից ամենափոքրը 19 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 38: «Ունեմ 8 աղջիկ և 6 տղա: Երեխաներիցս 12-ն ամուսնացած են: Ունեմ 25 թոռնիկ, որոնցից 2-ն արդեն ուսանողներ է»,- ասաց նա:
Նշենք, որ Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվողների թվում էր նաև Հանրային ՀՌ ընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Երվանդ Երզնկյանը, որին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:
Մաեստրոն իր խոսքում, շնորհակալություն հայտնելով, հուզված արտաբերեց հետևյալ խոսքերը.
«Ես շատ հուզված եմ, որովհետև այս բարձր կոչմանն արժանանալը ինձ պարտավորեցնում է հնարավորինս ավելի երկար ապրել ու իմ ժողովրդի կողքին լինել, որ արդարացնեմ այս բարձր կոչումը: Շնորհավորելով բոլորիս այս պարգևների ու Հանրապետության օրվա առթիվ՝ ուզում եմ ասել՝ կեցցե մեր Հանրապետությունը»: