28/05/2015 12:24
Նախագահականի մոտ զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ բռնության դեպքով հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին զոհված զինծառայողների մայրերը Բաղրամյան 26-ում իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում։