28/05/2015 18:04
«Իսլամական պետությունը» Պալմիրայում իրանցիների է մահապատժի ենթարկել
Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իրանցիների է մահապատժի ենթարկել: Այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայի պատմական Պալմիրա քաղաքի ամֆիթատրոնում մահապատժի է ենթարկել իր կողմից գերեվարված Իրանի և Աֆղանստանի քաղաքացիների, ինչպես նաև սիրիացի զինվորականների:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ մահապատժի ենթարկված Իրանի և Աֆղանստանի քաղաքացիները Սիրիայի կառավարական ուժերի կազմում կռվում էին «Իսլամական պետության» դեմ:
Հավելենք նաև, որ Իրանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարությունները դեռ չեն արձագանքել սույն տեղեկատվությանը:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, օրերս անդրադառնալով Իրաքում «Իսլամական պետության» ծավալած գործունեության և այդ համատեքստում ԱՄՆ-ի իրականացրած գործողություններին, մասնավորապես նշել է. «Ինչպե՞ս է հնարավոր, որ Միացյալ Նահանգներն Իրաքի ժողովրդին օգնելու պատրվակով ներկա լինեն այդ տարածաշրջանում, և նրանց տեղակայման վայրից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ կոտորածներ տեղի ունենան, սակայն նրանք ոչ մի քայլեր չձեռնարկեն: Սա չի՞ նշանակում, որ նրանք «Իսլամական պետության» գործընկերներն են: Ւրանը միակ երկիրն է, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Իրանն իր գործողություններով Իրաքում ոչ մի շահ չի հետապնդում, Իրանը Իրաքի նավթի կարիքը չունի»:
Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին էլ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Իսլամական պետության» սպառնալիքին, մասնավորապես նշել էր. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ եթե ԻՊ-ն 40 կիլոմետր շառավիղով մոտենա Իրանի սահմանին, ապա մենք կմիջամտենք և համապատասխան քայլեր կձեռնարկենք»: