28/05/2015 15:13
Բուդաղյանների գործ. Բազմաթիվ նոր կեղծիքներ ու խախտումներ
«Սըդըղի գյոլի» ծեծկռտուքը կանխատեսելի էր ոչ թե այն պատճառով, որ ծեծին մասնակցել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, այլ որովհետև անպատժելիությունը Սյունիքի մարզում հանցագործությունների պարարտ հող է ստեղծում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց փաստաբան Հայկ Ալումյանը.
«Ես կանխատեսումներ ունեմ, ցավոք, որ Սյունիքում նման դեպքերի ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինելու…. եթե օրենքը շարունակի չգործել»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ Բուդաղյաններն իրենց գործի ընթացքը և հանգուցալուծումը տեսնում են անկախ վերջին այս դեպքերից, որոնք, կրկնվեց, լիովին կանխատեսելի էին:
Հ.Ալումյանը նշեց, որ Բուդաղյանների գործում բազմաթիվ նոր կեղծիքներ ու խախտումներ են ի հայտ եկել, գործը քննող երկու քննիչներն էլ կանչվել են հարցաքննության: Մատնանշեց, որ քննիչ Մինասյանը, օրինակ, գործով զբաղվելուց հետո դարձավ դատախազ, իսկ մյուսը՝ Ալեքսան Ղազարյանը, դատախազության բաժիններից մեկի պետ է նշանակվել.
«Ես կարծում եմ, որ նրանք Բուդաղյանների գործում խախտումներ, կեղծիքներ են թույլ տվել, իրարամերժ փաստեր ներկայացրել: Գիտեք, որ նյութերից կորել է հանցագործության վայրի զննության տեսագրույթունը պատկերող կրիչը և հարցական է՝ այդ ի՞նչ կար դրա վրա, որ ոչ ոք չպետք է տեսներ»,- ասաց փաստաբանը: Բանախոսը մատնանշեց նաև, որ դեպքի օրվա հեռախոսազանգերի վերծանումներից էլ անհետացել են այն հատվածները, որոնք ուղղակիորեն վերաբերել են Ս.Խաչատրյանին.
«Մինչդեռ գործից այդ կարևոր ապացույցների անհետացումը քննիչը դատարանում բացատրեց ուղղակի իր շփոթմունքով և հոգնածությամբ»,-տեղեկացրեց նա:
Հունիսի 10-ին կայանալիք դատական նիստում շարունակվելու է Սուրիկ Խաչատրյանի վարորդի հարցաքննությունը: