28/05/2015 15:00
«Քիմիաթերապիաների ժամանակ հենց հակաֆոլաթթվային դեղամիջոցներ են կիրառում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեխնիկական գիտությունների թեկնածու Վարդուհի Մելիքյանը և կենսաբան Գագիկ Կարապետյանը միաձայն դեմ արտահայտվեցին ալյուրը ֆոլաթթվով, երկաթով հարստացնելու առողջապահության նախարարության ծրագրին:
Մասնավորապես Վ. Մելիքյանը նշեց, որ ալյուրը ֆոլաթթվով, երկաթով և այլ բաղադրիչներով հարստացնելը խիստ վտանգավոր է, քանի որ Հայաստանում դրա կարիքն առհասարակ չկա. Հայերի սննդակարգում այդ բաղադրիչները` պահանջվող չափաբաժիններով արդեն առկա են:
Բացի այդ, հավելեց, որ կան հիվանդությունենր` շաքարախտ և այլն, որոնց դեպքում արգելված է հարստացված ալյուրից սնունդը:
Մասնագետը շեշտեց, որ առողջապահության նախարարությունը պարտադրում է ծրագիրը և սխալ է արտասահմանյան փորձը տեղափոխել Հայաստան և ծրագիր սկսելուց առաջ լուրջ փորձաքննություններ անցկացնել է անհրաժեշտ:
Գագիկ Կարապետյանը իր հերթին հաղորդեց, որ ֆոլաթթուն նպաստում է քաղցկեղի առաջացմանը. քիմիաթերապիաների ժամանակ հենց հակաֆոլաթթվային դեղամիջոցներ են կիրառում:
«Ֆոլաթթվի ավելցուկն օրգանիզմը չի կարողանում յուրացնել, որն էլ հետո անցնում է արյան մեջ՝ առողջական լուրջ խնդիրներ առաջացնելով»,- ասաց կենսաբանը: