28/05/2015 10:35
ՕԵԿ-ը պայքարելու է էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացման դեմ
Անցած տարվա օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց մարդկանց: Հայաստանում, ուր աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչը, էլեկտրաէներգիայի և մյուս ապրանքատեսակների թանկացումը արտագաղթի տեմպերի աճի նոր առիթ հանդիսացավ, քանի որ ամեն մի թանկացում ազդում է ժողովրդի կենսամակարդակի և տրամադրությունների վրա: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը.
«Վերջին տարվա ընթացքում երկրից հեռացան հազարավոր մարդիկ, ովքեր այդպես էլ չտեսան ապագա ու չգտան հնարավորություն իրենց ընտանիքների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար: Որևէ մեկին այլևս չի հետաքրքրում այն հարցը, թե ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից, քանի որ պատասխանը շատ պարզ է ու հայտնի: Պարզապես ցավալին այն է, որ երկրում մնացած, բայց արտագաղթելու մտադրություն ունեցողների զգալի մասը չի հավատում իր ու իր զավակների լավ ապագային:
Չգիտեմ, կա՞ արդյոք մեկ այլ երկիր, որտեղ կոմունալ վճարների մուծումը մարդկանց համար դարձած լինի չարիք: Մենք անընդունելի ենք համարում մարդկանց կենսամակարդակը շարունակաբար վատթարացնող քայլերը, մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումն իր հերթին անխուսափելիորեն կբերի լայն սպառման ապրանքների նոր թանկացումների: Իսկ Հայաստանի Էլեկտրական Ցանցերի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովին ներկայացրած հիմնավորումները վստահ եմ կրկին անգամ փաստարկված չեն: Բազմաթիվ փաստերի համադրումը, վերլուծությունը, մասնագետների հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ և անհրաժեշտ է թույլ չտալ սակագների բարձրացում:
Առանց հերթական թանկացումների էլ Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում: Օտարերկրյա ներդրումներ գրեթե չկան, մենաշնորհային տնտեսության զարգացման արդյունքում մի քանի հարուստներ էլ ավելի են հարստանում, աղքատներն էլ ավելի աղքատանում: Աղետալի չափերի հասնող գործազրկությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակաբար թանկացումները լուրջ սպառնալիք են դարձել մեր ժողովրդի համար: Պետք է դադարեցնել մտնել մարդկանց գրպանը: ՀԷՑ-երի պարտքերի ու կորուստների համար ինչո՞ւ պետք է վճարի սպառողը: Դա էլ այն դեպքում, երբ հայտնի են այդ կորուստների հասցեատերերը՝ այսպես ասած լևի գծեր ունեցողները: Հասարակ քաղաքացին ի՞նչ կապ ունի այս ամենի հետ: Կուտակված խնդիրները ի զորու է լուծել այն իշխանությունը, որն ունի երկրի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման ռազմավարություն, այն կառավարությունը, որն իրականացնում է հավակնոտ, թիրախավորված ծրագիր և արդյունքին միտված քաղաքականություն:
Այս ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում հերթական անգամ էլեկտրաէներգիայի թանկացումը անդառնալի ու աղետալի հետևանքներ է ունենալու առանց այն էլ կաթվածահար եղած տնտեսության և իր գոյությունը մի կերպ պահող հարյուր հազարավոր մեր հայրենակիցների վրա, որոնց ուսերին ավելանում են վարկեր ու վարկեր: Օրինաց երկիրը դեմ է էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացմանը և պայքարելու է դա թույլ չտալու համար»: