29/05/2015 19:31
Արամ Հարությունյանն իրեն ձախողակ գործարար չի համարում
Այսօր ԱԺ-ում լրագրողները Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է պետական պաշտոնյային հաջողվել կուտակել ավելի քան 100 հազար դոլար մեկ տարում, որի մասին վերջինս գրել է նաև իր հայտարարագրում:
Արամ Հարությունյանը հստակեցրեց, որ այդ հայտարարագրի մի մասին են լրագրողները ծանոթ, ապա հավելեց, որ եթե լրագրողները ծանոթ լինեին նաև մյուս մասին, ապա այդ հարցն իրեն չէին տա:
«Մյուս մասն էլ պետք է կարդաք: Եթե կարդայիք, կտեսնեիք, որ ուղղակի բանկի փոխառություն է: Իմ միջոցները բանկում ավանդ են եղել ու ավելացել են, որևէ գործունեություն չեմ ծավալել»,- պարզաբանեց Ա. Հարությունյանը՝ վստահեցնելով, թե այդ գումաները չեն գոյացել իր պաշտոնավարման ընթացքում:
«Եթե դուք վերցնեք հաշվետվությունները, կգնաք կհասնեք մինչև 2000 թիվ, 99 թիվ, 98, 95, 94 թիվ, կտեսնեք, թե ես ինչ գործունեություն եմ ծավալել բիզնես ոլորտում»,-նշեց նա:
Ու թեև Ա. Հարությունյանն իրեն հաջողակ գործարար չի համարում, այնուամենայնիվ նա իրեն ձախողակների շարքերում էլ չի դասում. «Չէի ասի, թե հաջողակ եմ եղել: Եթե հաջողակ լինեի, ավելի շատ եկամուտներ կունենայի: Նորմալ աշխատել եմ, անհանգիստ վարքագիծ չեմ դրսևորել, իսկ եթե ունես անհանգիստ վարքագիծ, բիզնեսով չես զբաղվի երբեք»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում պաշտոնի աստիճանաբար իջեցումը և դա չի հուշում, որ կառավարությունը նրա աշխատանքից դժգոհ է, նախկին բնապահպանության նախարարը, ապա նաև՝ Կոտայքի մարզպետը, թե ինքը չի ցանկանում այդպիսի հարցերի պատասխանել, քանի որ վատ է զգում դրանցից:
«Երբ ես գնացի Կոտայքի մարզպետ, ասացի, որ ես այս պաշտոնը ստանձնում եմ պատասխանատվությամբ և նվիրումով: Այսքանը կարող եմ միայն ասել»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը հայտարարագրել էր իր եկամուտները, որոնք տարվա սկզբին կազմել են 796 800 դոլար, իսկ արդեն տարվա վերջում այն հասնում էր շուրջ 913 000 դոլարի: