29/05/2015 20:33
Արամ Հարությունյանը նախընտրում է խոսել փաստերով
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել այն, թե ինչպես է, որ տարին ջրառատ է, ջրամբարները ջրով լցված են, բայց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, թե ՀԷԿ-երի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը երկու դրամով բարձրացել է:
«Մենք փոքր ՀԷԿ-երի հետ շփվում ենք այն տեղերում, որոնք ոռոգման ջրագծերի կամ համակարգերի վրա են, այլ մեկնաբանություններ չունեմ այդ առումով»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա, պարզաբանելով, թե ոռոգման դեպքում ջրառ իրականացնելու ժամանակ հնարավորություն լինում է, որ ՀԷԿ-երը տնտեսական շահույթներ ստանան:
Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց, թե ՀՀ-ում շուրջ երկու հարյուր նախաձեռնություն կար փոքր ՀԷԿ-երի կառուցման, և այս պահի դրությամբ 130-140 ՀԷԿ-եր արդեն գործում են, սակայն դրանց մի մասն է միայն, որ գործում են ջրային համակարգերի վրա: «Թե ինչ հիմնավորումների է տիրապետում, ես չգիտեմ, այդ հարցը պետք է ուղղեք ՀԾԿՀ-ին, ես միայն կարող եմ ջրային համակարգի մասին խոսել»,- հավելեց նա::
Իսկ թե նա համակարծի՞ք է բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այն տեսսկետի հետ, թե Հարությունյանի «ոտքը խերով էր, որովհետև տարին ջրառատ էր», Հարությունյանը պատասխանեց. «Ես լիրիկական խնդիրներով չեմ ոգևորվում, ինձ համար կարևորը փաստերն են: Իսկ փաստերից մեկն այն է, որ նախորդ տարի Սևանա լճի ջրառն իրականացվել է մայիսից, այս տարի ջրառ դեռևս չենք իրականացրել»,- նկատեց Հարությունյանը հավելելով, թե փաստէ նաև այն, որ Ախուրյանի ամենամեծ ջրամբարը, որի տարողությունը 530-550 միլիոն խորանարդ մետր է, այս պահի դրությամբ նախորդ տարվա 250 խմ/մ-ի փոխարեն արդեն իսկ 482 խմ/մ լցված է:
«Ես փաստերն եմ արձանագրում, իհարկե, ցանկություն ունեմ, որ մեր մնացած պաշարներն էլ լավ լինեն»,- ասաց նա: