29/05/2015 15:52
Նախարար. Շուկայում անհամապատասխանության պատճառով ամսական 1000 աշխատատեղ թափուր է մնում
Հայաստանում ամեն ամիս հազար թափուր աշխատատեղ է մնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ բացատրելով, որ դրա պատճառը աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունն է:
«2014թ.-ին Զբաղվածության պետական գործակալությունը ամեն ամիս գործատուներից երկու հազար աշխատատեղի մասին տեղեկություն է ստացել, սակայն դրանցից ամեն 1000-ը թափուր է մնացել»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Նա նշեց, որ այսօր իրավիճակը կարգավորելու համար գործատուների մոտ շարունակվում են մասնագիտացված ուսուցման և պրակտիկայի ծրագրերը:
«Անցյալ տարվանից աշխատանքի տեղավորման ծրագրերում ներառվելու հնարավորություն են ստացել նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ և հողամասերի սեփականատերերը»,- ամփոփեց նախարարը: