29/05/2015 17:07
Նվազագույն աշխատավարձը պետք է լինի նվազագույն կենսաապահովման միջոց. Նախարար
ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցութան պատգամավոր Միքայել Մելքումյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե Կառավարության հնգամյա ծրագրով, նախատեսվո՞ւմ է նվազագույն աշխատավարձերի բարձրացում:
Պատգամավորը հիշեցրեց, որ այդ ծրագրով նախատեսված է՝ 2017թ-ին նվազագույն աշխատավարձը հասցնել 65 000 դրամի և հավելեց, որ այս ընթացքում թանկանում են նաև ծառայություններն ու ապրանքները:
«Հիմա հուլիսի 1-ից 55 հազար դրամ դարձավ և ընդամենը մեկ տարի է մնում, կա՞ն ռեզերվներ ճշգրտելու, թե կարող ենք ապահովել նվազագույնը աշխատավարձի այդ չափը: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նախաձեռնությամբ հանդես գաք, օրինակ, որ նվազագույնը 65 000 չլինի, այլ՝ ավելին, ընդունենք 75 000 դրամ»,- ասաց պատգամավորը:
Նախարարն էլ իր հերթին շեշտեց, որ եկամուտները պետք է արտացոլվեն նախապես։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա, ըստ նախարարի, մշակվել է մի մոդել, ինչը թույլ կտա նվազագույն աշխատավարձի արժեքը որոշել՝ մի քանի բաղադրիչների ազդեցությունը հաշվի առնելով:
«Պետք է նվազագույն աշխատավարձը լինի նվազագույն կենսաապահովման միջոց: Բացի դա՝ պետք է լինի նաև գործատուի հետ չափի գնահատում: Այսինքն՝ թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, որովհետև եթե ասենք բարձրացնում է աշխատավարձը, դրան զուգահեռ կարող է գործատուն կրճատել աշխատողների թիվը, որպեսզի այդ աշխատավարձը վճարի»,- ասաց նա՝ հավելելով, որ մանրուքներ կան, որոնք պետք է քննարկել ու հասկանալ, թե դրանցից որն է մեզ համար այսօր կարևոր:
Շարունակելով իր խոսքը՝ նախարարը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ այսօր էլ աշխատանքները շարունակվում են և հավելեց, որ բոլոր ներկայացված առաջարկներն ուսումնասիրվում են: