29/05/2015 14:30
Լյուդմիլա Սարգսյանը վիրավորված է. նրան ձայնի իրավունք չտրվեց
2014 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց տալու համար ԱԺՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը երեք անգամ ձեռք բարձրացրեց, բայց նրան այդպես էլ թույլ չտվեցին հարցը հնչեցնել. վերջինս լսումների սենյակից դուրս եկավ վիրավորված:
Լրագրողների հետ զրույցում Լ. Սարգսյանը, իր դժգոհությունը հայտնելով, նշեց, որ իր հարցերն ավելի կարևոր էին, քան այն հարցերը, որոնք հնչում էին:
«Հակոբ Հակոբյանը նույնիսկ հաշվի չառավ կին լինելու հանգամանքը, և նաև հանձնաժողովի անդամ լինելը ու ձայնը տվեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին»,- դժգոհեց տիկին Սարգսյանը՝ մանրամանսելով, որ այդ հարցերից առաջինը վերաբերում էր գործազրկության նպաստներին:
Պակաս կարևոր չէին, նրա խոսքով, նաև մյուս երկուսը: «Տեղեկություններ ունեմ, որ զբաղվածության կենտրոնն այդ նպաստի մասին իր մոտ այցելածներին չի էլ առաջարկում։ Սակայն, եթե գալիս եմ ու ինձ հարց տալու հնարավորություն չեն տալիս, իսկապես ինձ համար վիրավորական ու ստորացուցիչ է: Երեք անգամ ձեռք բարձրացնես և քեզ հարցի հնարավորություն չտան, դիտողություն էլ արեցի, բայց միևնույն է հարցի հնարավորություն տվեցին Վահե Էնֆիաջյանին: Եթե հանձնաժողովի անդամին, պայմանավորված սեռով, հնարավորություն չեն տալիս հարցն ուղղել, ուրեմն թող աշխատեն միայնակ»,- նեղսրտեց պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ իր հերթին արդարացավ, թե վերջինիս ձեռքը ուշ է նկատել և երբ փորձել է իր սխալն ուղղել, Լ. Սարգսյանը վիրավորված դահլիճից դուրս է եկել: