29/05/2015 15:44
Հայաստանում տղաները ծխելու առաջին փորձերը կատարում են 13-15 տարեկանում. Մայիսի 31-ը՝ «Առանց ծխախոտի օր»
Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է: Ծխախոտ օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ հիշեցնելով, որ արդեն 15-րդ տարին այս մայիսի 31-ին ևս Հայաստանում կանցկացվի «Առանց ծխախոտի» օր:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 15-տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է տղամարդկանց շրջանում 50, իսկ կանանց շրջանում` 3%»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:
Նրա խոսքով՝ կանանց ծխելու տարածվածության ցուցանիշները զգալի տարբերվում են Երևանում և մարզերում: Երևանում ծխող կանայք ավելի շատ են:
«Ինչ վերաբերում է դեռահասներին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկան հասակում»,- ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը:
Նա ընդգծեց՝ այսօր իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ծխողների քանակը նվազեցնելու համար:
«Պայքարի տարբերակներից մեկն էլ գնային քաղաքականությունն է, որի բարձացումը ծխողների մի մասին կստիպի հրաժարվել ծխախոտից»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:
«Այլ երկրների համեմատությամբ այսօր Հայաստանում ծխախոտի մեկ տուփի գինը համեմատաբար էժան է: Մեր երկրում ծխող տղամարդն օրական սպառում է միջինում 15-17 գլանակ, իսկ կանայք՝ ավելի քիչ են ծխում: Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում տարեկան սպառվում է 5 մլրդ հատ ծխախոտ»,- ասաց բանախոսը: