29/05/2015 16:00
Փոխնախարար. ԵՄ-ն ցույց տվեց, որ տարբեր երկրների հետ գործելու են տարբերակված մոտեցումներ
«Ռիգայի գագաթաժողովից հետո Հայաստանի մասով կա մի քանի զարգացման ուղղություն՝ Հայաստան- Եվրամիություն ստորագրվելիք փաստաթղթի մասով, Հայաստան- Եվրամիություն ավիացոն ծրագրերի մասով», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռիգայի գագաթաժողովից հետո Հայաստանի տնտեսական հեռանկարները թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Ըստ Գ. Մելքոնյանի՝ Ռիգայի գործընկերության գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ն ցույց տվեց, որ տարբեր երկրների նկատմամբ գործելու են տարբերակված մոտեցումներ և ձևաչափեր, ու չեն լինելու ընդհանրական մոտեցումներ:
Հանդիպման մյուս բանախոս, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ վերապահումներ ունի Եվրամիության հետ համաձայնագրի մասով, և չի կարծում, թե դրանից հետո հայկական ապրանքները կլցվեն եվրոպական շուկաներ: Մ.Մելքումյանի կարծիքով, անկախ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից, դեռևս պարզ չէ այն հարցի պատասխանը՝ տնտեսական համագործակցություն կստացվի, թե ոչ:
Քննարկմանը մասնակից Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ վստահություն հայտնեց, որ Եվրոպայի հետ գործառույթմերը ընթանում են նորմալ՝ չնայած առանց փաստաթուղթ ստորագրելու:
Գ. Մակարյանը նշեց, որ մեր խնդիրն է բանակցությունները հասցնել մի մակարդակի, որ հայաստանյան բիզնեսները կարողանան ինտեգրվել տնտեսական այս նոր իրողություններին և չկրեն վնասներ: