29/05/2015 15:17
Իշխանությունները ոչ միայն մտածում, այլև՝ գործում են. Նախարար
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս պահին դժվարանում է ասել, թե Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ինչքանով կանդրադառնա սոցիալական խնդիրների վրա, սակայն համապատասխան որոշումներից հետո նախարարությունը կհնչեցնի իր գնահատականն:
«Այս պահին տեղյակ ենք միայն, որ հայտը քննարկվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ քանի դեռ չկա հայտ, չկա որևէ որոշում, նախարարությունը ոչինչ ասել չի կարող:
Նախարարի խոսքով, սակայն, ցանկացած թանկացում, բնականաբար, բեռ է դառնում նախարարության համար. «Թանկացումների ազդեցությունը առաջին հերթին ազդում է խոցելի խմբերի վրա, այդ առումով հստակ է, որ կառավարության գործունեությունը առաջին հերթին պետք է ուղղված լինի խոցելի խմբերի խնդիրների լուծմանը»:
Իսկ թե բարձրացման դեպքում հավանական համարում է հոսանքի ծախսը սուբսիդավորելու պետության հնարավորությունը, նախարարը այս պահին ոչինչ ասել չի կարող, սակայն բոլոր հնարավոր միջոցները քննարկվում են:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ հնարավոր թանկացումը սոցիալական բունտի կհանգեցնի, Ա. Ասատրյանն ասաց, որ իշխանությունները ոչ միայն մտածում, այլև գործում են:
«Այս առումով պետք է ասեմ, որ շատ կարևոր են այն աշխատանքները և միջոցառումները, որոնք ամենօրյա ռեժիմով քննարկվում ու նաև նախադրյալներ են ստեղծվում, որ դրանք արդեն գործնականում կիրառության մեջ դրվեն: Գրեթե բոլոր ուղղություններով այդ աշխատանքները ընթացքի մեջ են, և մենք առաջիկայում կունենանք համապատասխան առաջարկություններ մոտակա ժամանակահատվածի համար, որոնք կվերաբերվեն, թե՛ գործազրկության խնդրին, թե՛ սոցիալապես խոցելի խմբերին»,- ասաց նախարարը: