29/05/2015 17:30
Կաթի խնդիր. Ո՞ւմ շահերն են, ի վերջո, բախվում գյուղացիների շահերին
Միայն Լոռու մարզում վերջին շրջանում երեք կաթ վերամշակող ձեռնարկություն է փակվել, որովհետև կաթի գինը 170 դրամից նվազել է 100-ից 110 դրամ և բնականաբար վերամշակող ձեռնարկություններին ձեռնտու չէ: Սա էլ այն պատճառով, որ Ուկրաինայից ներկրվում է կաթի փոշի՝ 1 կգ-ն 1.7 դոլարով: Այս մասին ԱԺ-ում ընթացող 2014թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հետաքրքրվելով.
«Ուզում եմ իմանալ, թե այդ արտոնյալ ներկրողը ով է, որ մենք չենք կարողանում դրա դեմն առնենք այն դեպքում, երբ մենք ունենք ձեռնարկություններ, որոնք պատրաստ են անարատ արտադրանքը մատակարարել 160-170 դրամով, բայց ստիպված են փակել իրենց ձեռնարկությունները, որովհետև դառնում են անմրցունակ Ուկրաինայից ներկրված 1 կգ-ն 1.7 դոլարով կաթի փոշու դիմաց: Դուք պարզել եք` այդ ներկրողը կամ ներկրողները ովքե՞ր են, ինչ հզոր հովանավորյալներ ունենք, որ մենք պատրաստ ենք մեր ձեռնարկությունները փակել՝ միայն թե չտուժի իրենց բիզնեսը»:
Շատ տեղին եք նկատում, ասաց գյուղատնտեսության փոխնախարարը, որ կաթի գինը վերջին մեկ ամսվա ընթացքում որոշակի ցնցումներ առաջացրեց: Բայց, ասաց նա, փակվել են ոչ թե կաթ արտադրող ձեռնարկություններ, այլ՝ կաթ վերամշակողները.
«Իրենք չեն ուզում այդ գներով… ի՞նչ է, բա ուզում է 90-110 դրամով կաթ մթերի՞: Բայց մենք հստակ ասել ենք՝ 150 դրամից պակաս կաթ չի մթերվելու: Այսօր նվազագույն գինը մարզերում, որտեղ ես եղել էմ, 140 դրամից պակաս չկա»,- ասաց նա:
Պատգամավորների անհամաձայնությանը, թե այսօր կաթի գինը ավելի բարձր է, նա նշեց, թե ամառվա ամիսներին կաթի գինը միշտ էլ 10-20 դրամով տարբերություն է տալիս, ինչը պայմանավորված է կաթի յուղայնությամբ: Նաև հորդորեց, որ պատգամավորները, եթե գիտեն օրինակներ, իրեն տեղյակ պահեն, թե այդ ո՞ր համայնքներում է, որ կաթը մթերվում է 110 դրամով: Արձագանքը իրեն սպասել երկար չտվեց, անմիջապես լսվեց «Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջանում»: Ս.Գալստյանն արձագանքեց.
«Օպերատիվ վիճակով վաղը դուք արձագանքը կլսեք՝ չորս տեղ ես եղել եմ, չորս տեղում էլ հաջորդ օրը հարցը օպերատիվ կարգավորվել է»:
Ինչ վերաբերում է կաթի փոշուն, ապա պաշտոնյան տեղեկացրեց, որ 2014թ-ին ՀՀ 2445 տոննա կաթի փոշի է ներկրվել, որն, այո, շահեկան վիճակի մեջ է դնում ներկրողներին՝ մաքուր, անարատ կապ վերամշակող ձեռնարկությունների շատերի նկատմամբ.
«Հանձնարարականը եղել է արդեն, որպեսզի կոշտ վերահսկողություն իրականացվի՝ ներկրման ծավալների պակասեցումը նպաստի միայն ու միայն կաթի արտադրության ծավալների ավելացմանը և գների կայունացմանը»,- հաստատեց նա:
Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն արդեն առաջարկել է Գյուղատնտեսությանը ստեղծել կաթ մթերողների միություն, որպեսզի հնարավոր լինի նաև կանխել կաթի գնի վայրիվերումները: Պարզվեց, որ նման միություն կամ միավորում, ըստ Սամվել Գալստյանի, Հայաստանը կունենա արդեն մինչև հունիսի 10-ը:
«Կունենանք, որպեսզի շահերի պաշտպանության համար մենք ունենանք այս հզոր ազդակը»,-հավելեց փոխնախարարը:
Նշենք, որ հարցադրումը թերևս դուր չեկավ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին, ով, Ն. Զոհրաբյանին դիմելով, ասաց, որ եթե պատգամավորը այս թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրի, ապա ինքը այս ու այլ հարցերի շուրջ մեծ սիրով քննարկման կմասնակցի.
«Այս նիստերը կոնկրետ նպատակ ունեն՝ նախորդ տարվա բյուջեի քննարկումն է»: