29/05/2015 12:14
Սեյրան Օհանյանի կինը դիմել է դատարան՝ հերքում տպագրելու և ներողություն խնդրելու պահանջով
ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հրապարակ» օրաթերթից հերքում տալ և ներողություն խնդրել Ռ. Խաչատրյանին զրպարտելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կ. Մեջլումյանը:
Ասուլիսին ներկա էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող, նյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանը, ով ասաց, որ իրենք պատասխանը ստացել են միայն մայիսի 25-ին, բացի այդ, դա եղել է ոչ թե «Հրապարակ» օրաթերթի, այլ hzham.am-ի նյութը։
Կ. Մեջլումյանը ասաց, որ կայքը «ֆեյք է», ստեղծվել է ընդամենը 1.5 ամիս առաջ և զրպարտող տեղեկություններ է հրապարակում Ռ. Խաչատրյանի վերաբերյալ, և իրենք նաև այդ կայքի դեմ հայց են պատրաստել դատարան ներկայացնելու համար:
«Այդ կայքն օրական մի քանի անգամ զրպարտող, վիրավորական և հայհոյախառը նյութ է հրապարակվում Ռուզաննա Խաչատրյանի և նրա ամուսնու մասին։ «Հրապարակ» օրաթերթը մայիսի 21-ին հրապարակել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված, որտեղ գրված է, թե Ռուզաննա Խաչատրյանը, վարելով Հովիկ Հայրապետյանի մեքենան, վթարի է ենթարկվել, որի հետևանքով մահացել է Հ. Հայրապետյանը։ Սա ակնհայտ սուտ է, զրպարտություն։ Այնուհետև մենք խմբագրությունից հերքում պահանջեցինք, սակայն ամսի 23-ին արդեն երկրորդ հրապարակումն է լինում, որտեղ գրված է, որ իրենք հղում են արել hzham.am կայքին։ Այդ պատճառով ամսի քսանհինգին դիմել ենք դատարան, քանի որ ամսի 23-ի հրապարակումը դիտարկեցինք՝ որպես մեր պատասխանի մերժում։ Պահանջում ենք պատասխանը հրապարակել, հերքում տալ և ներողություն խնդրել Ռուզաննա Խաչատրյանից»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ իրենք գումարային պահանջ չունեն։
Փաստաբանն ասաց, որ նման վթար իսկապես տեղի է ունեցել, բայց այդ գործով 2013 թ. ապրիլին դատապարտվել է Աննա անունով մի մարդ։
Նշենք, որ մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը նաև այն մասին, որ կնոջը զրպարտող հրապարակումների վերաբերյալ ինքը դիմել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: