29/05/2015 09:25
Գյուղացիները չեն կարողանում իրացնել կարտոֆիլն ու կաթը
Այս տարի ևս կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիների զգալի մասը կանգնել է ստացված բերքն իրացնելու խնդրի առաջ։ ճիշտ է՝ մթերող ընկերությունները պատրաստ են գնել այն, սակայն չափազանց ցածր գնով։ Արդյունքում բազմաթիվ համայնքներում գյուղացիները գերադասում են իրենց բերքն իրացնել մանրածախ ձևով։
Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչներն արդեն մի քանի ամիս է, ինչ չեն կարողանում իրացնել նախորդ տարվանից պահեստավորված կարտոֆիլը։ «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ նմանատիպ խնդիրներ ունեն նաև Շիրակի և Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ։
«Հրապարակ» օրաթերթն էլ գրում է, որ նմանատիպ խնդիր ունեն նաև Մաստարայի գյուղացիները, որոնք երեկ առավոտ հավաքվել էին գյուղապետարանի դիմաց և ասում էին, որ կաթն էժան գնով չեն վաճառի։ Մաստարա համայնքի գյուղացիներից Արմեն Հարությունյանը «Հրապարակին» տեղեկացրել է, որ իրենք անակնկալի են եկել՝ իմանալով, որ կաթ մթերող ընկերությունները որոշել են էժան գներով մթերել կամ ընդհանրապես կաթ չվերցնել։