29/05/2015 11:33
Հայ միգրանտների ընտանիքները կզրկվեն նպաստներից
«Չեմ ուզում այդ բառն օգտագործեմ՝ խոպանչի, բայց վերջերս բավականին հնչեղություն ստացավ արտագնա մեկնող մեր հայրենակիցներին վերաբերող օրենքը, որոնց պետք է տրվեն հարկային արտոնություններ: Մի հարցում ինձ այդպես էլ չհաջողվեց պարզաբանում ստանալ. եթե արտագնա աշխատողը նաև նպաստառու ընտանիքի անդամ է, այդ ընտանիքը զրկվո՞ւմ է նպաստից, թե նպաստը պահպանվելու է»,- ԱԺ-ում ընթացող 2014թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ հետաքրքրվեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
«Ես խնդրում եմ այս հարցը պարզաբանեք, քանի որ այն իսկապես կարևոր նշանակություն ունի»,- ասաց Մ. Մելքումյանը:
Արձագանքելով հարցին նախարարն ասաց, որ անապահովության գնահատման համակարգում ընտանիքների անապահովության միավորոը հաշվարկվում է տարբեր կոմպոնենտներից ելնելով, այդ թվում՝ ունի՞ ընտանիքը եկամուտ, թե ոչ.
«Եկամուտը մենք պարզում ենք հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի միջոցով: Այսինքն, եթե եկամուտ կա, որը չի երևում որևէ կերպ, ապա այն ազդեցություն չի էլ ունենա որևէ կերպ ընտանիքի միավորի վրա: Իսկ եթե դա ֆորմալ երևում է անապահովության գնահատման համակարգում, ապա կարծում եմ, որ ճիշտ է, որ այն ազդեցություն պետք է թողնի»,- ասաց նախարարը՝ շեշտելով՝ եթե անձը եկամուտ ունի, ընտանիքը եկամուտ ունի, ապա ճիշտ է, որ անապահովության համակարգում տրվող նպաստը տրվի առավել անապահովին:
Միևնույն ժամանակ Արտեմ Ասատրյանը նշեց, որ դեռ բավականին հարցեր կան, որ պետք է ստանան լուծումներ, որպեսզի նաև հստակեցվի նշված անձանց կարգավիճակը.
«Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում հասկանալու համար այն խնդիրները, օրենսդրական, որոնք կարգավորման ենթակա են»,- հավելեց նախարարը: