29/05/2015 20:00
Մանկատան երեխաներին փող մուրալիս կարելի է հանդիպել Աբովյան փողոցում. Ն. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ մանկատներից օրավարձով երեախներ վերցրած ,ուրացկաններին կարելի է տեսնել Աբովյան փողոցում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան հայտարարությանը, թե պատգամավորները պետք է փաստեր ներկայացնեն, պատգամավորը նշեց, որ ոչ թե մեկ, այլ մի քանի փաստ կա:
«Ես ասում եմ, որ բազմաթիվ են այն տեղեկությունները, որ այդ կանայք երեխաներ են վերցնում իրենց չքավոր հարևաններից, և կան տեղեկություններ, որ մանկատներից են երեխաներ վերցնում՝ մանկատների աշխատակազմի հետ համաձայնության գալով: Կարող եմ ասել, օրինակ, Աբովյան փողոցը, հիմնականում այնտեղ են տեղակայված այդ կանանցով երեխաները, ինքներդ մոտեցեք և հարցրեք այդ կանանց, թե որքանով կապ ունեն երեխաները նրանց հետ։ Խոսքը 3, 4, 5 տարեկան երեխաների մասին է, եկեք այդ մոնիտորինգը իրականացնենք և ինքներդ կհամոզվեք»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ հարցրել են անգամ այդ երեխաներից, ովքեր անձամբ են տեղեկացրել, որ մանկատներից են: Զոհրաբյանը հավելեց նաև, որ այսօր պատրաստվում է Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների հետ այցելել Աբովյան փողոց և իրականացնել այդ մոնիթորինգը: Նա նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ խոսել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ և տեղեկացրել է, որ նման բանի ականատես է եղել և նման ինֆորմացիա ունի:
«Ասել եմ, թե ինչի ականատես եմ եղել, առնվազն երեք անգամ, երբ փողոցում երեխային հարցրել եմ՝ կա՞պ ունի այդ կինը քեզ հետ, երեխան պատասխանել է ՝ոչ, և երեխային արագ փախցրել են: Այդ տեղեկությունը պատկան մարմիններն արդեն իսկ պետք է ուսումնասիրեին»,- ասաց պատգամավորը: