29/05/2015 15:08
Անվերջ թանկացումների հիմնական պատճառը մեկն է՝ բյուջեն դատարկ է. Նիկոլայ Ծատուրյան
Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի դեմ որքան էլ ժողովուրդը դժգոհի ու պայքարի, իշխանություններն իրենց ուզածն անելու են։
«Անվերջ թանկացումների հիմնական պատճառը մեկն է՝ բյուջեն դատարկ է: Բոլորս էլ դժգոհում ենք ու լավ ենք անում։ Տարիքով մեծ եմ ու հիշում եմ, որ Սովետի տարիներին մարդիկ ոնց էին սպասում հերթական համագումարին, այդ ժամանակ մի լավ բան լինում էր անպայման, իսկ հիմա շաբաթը մեկ մենք վատ լուր ենք ստանում։ Իսկ բյուջեն դատարկ է, որովհետև իրենց գրպանն են լցնում, հետո մի բան գցում են ժողովրդի դեմը, որ էլի վերցնեն»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց նա՝ համոզմունք հայտնելով, թե նման փոքր թալաններով փորձում են հանրության ուշադրությունը շեղել, որպեսզի ավելի մեծ թալան նախաձեռնեն։
«Վերջերս գնացի գրախանութ, և երկու հատ Ղուրան գնեցի, կինս տեսավ ու ասեց՝ հո չես գժվել, ես էլ ասեցի՝ այ կնիկ, վերջում Հայաստանում ես ու դու ենք մնալու, Ղուրանն էլ նրա համար է, որ թուրքերը գան ու մեզ չսպանեն: Այնպես որ, ժողովրդին ասել՝ մի՛ գնացեք, անիմաստ է։ Եթե մարդը չի կարողանում երեխային, հայերեն ասած, «կլուբնիկ» առնել, պարզ է, որ պետք է գնա Հայաստանից»,-ասաց նա։