29/05/2015 17:00
Սիրահարների զբոսայգում տեղի է ունեցել «ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ» ցուցադրություն
Մայիսի 28-ին Երևանի Սիրահարների զբոսայգում տեղի է ունեցել «ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ» խորագրով ցուցադրություն: Այս մասին հայտնում են «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունից:
Այն նվիրված էր 20-րդ դարում հայ ազգի համար առանցքային նշանակություն ունեցած երկու պատերազմներին՝ Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան Գոյապայքարին: Միջոցառումը նախաձեռնել էր «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Բացօթյա ցուցադրությունը ներառում էր Արցախյան պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի կարևորագույն և առանցքային դրվագների մասին տեղեկատվություն, երկու պատերազմներում մեծ դերակատարում ունեցած հայորդիներից շատերի լուսանկարները և արդեն թևավոր դարձած խոսքերը: Ցուցապաստառների վրա այցելուները կարող էին տեսնել Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գեորգիսյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան), Աշոտ Ղուլյանի (Բեկոր) և այլ հայորդիների կենսագրությունն ու պատգամները:
Առանձին ցուցապաստառներով ներկայացված էին Հայրենական Մեծ պատերազմի հայազգի մարշալները, պատերազմի շրջադարձային դրվագներն, ինչպես նաև՝ հայերի մասնակցությունն այդ պատերազմին:
Կազմակերպիչների հավաստմամբ՝ նման միջոցառումները պարբերական բնույթ ունեն և տարվա ընթացքում տարբեր ձևաչափերով իրականացվում են: Դրանց միջոցով «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ձգտում է երիտասարդության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին: Հասարակական կազմակերպության նախագահ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ հատկապես ներկա ժամանակահատվածում, երբ բավականին լարված է իրավիճակը սահմանին, երիտասարդներին նման ոգով դաստիարակելն առավել քան հրատապ է ու կարևոր:
17-ամյա Արամը մեզ հետ զրույցում նշեց որ, թեև պատահական է եկել այդ օրն այգի, այդուհանդերձ տպավորված է ցուցադրությամբ: Նա հավելեց նաև, որ իր համար բացահայտել է Արցախյան Գոյամարտի հերոսների, ում մասին նախկինում չէր լսել:
Սիրահարների այգում տիրում էր տոնական մթնոլորտ. Հնչում էր հայրենասիրական երաժշտություն, իսկ կազմաակերպության կամավորները բոլոր այցելուներին տեղեկատվական թերթիկներ և ՀՀ եռագույն դրոշներ էին բաժանում: