29/05/2015 16:16
….Վահան, բոլորս քեզ կարոտել ենք…..
….Ամեն հոդված ուղարկելուց հետո Վահան Հովհաննիսյանը զանգահարում էր «Երկիրի» խմբագրություն ու հետաքրքրվում.
«Հն, կուսակցությունից ինձ դեռ չե՞ն հեռացրել»: Ու ամեն անգամ լսելով «ոչ» պատասխանը ՝արձագանքում. «Հեռացնեն, չհեռացնեն՝ մեկ է գրելու եմ»….
Այսօր այն օրերից մեկն է, երբ կրկին հիշում ենք Վահան Հովհաննիսյանին՝ անհատի, քաղաքական գործչի ու մարդու, ով անշուշտ շատ շուտ հեռացավ կյանքից: Բայց ինչպես և կյանքի օրոք, նրա ամեն մի ասածը ուշադրությամբ ունկնդրում էին ու անկախ նրանից՝ համաձայն ես ասածի հետ, թե ոչ՝ ընդունում, այնպես էլ այսօր, իր վաղաժամ հեռանալուց կես տարի անց էլ ընկեր Վահանի ասածներին սպասում ենք. լույս է տեսել նրա «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը, որը դեռ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին պետք է հրատարակվեր, բայց այնպես ստացվեց, որ հրատարակումը հնարավոր դարձավ միայն մայիսի 28-ին…. Տարօրինա՞կ է. ամենևին: Այստեղ էլ անշուշտ Վահան Հովհաննիսյանի խարիզմատիկ կերպարի մոգական ազդեցությունն իր դերն ունեցավ. Նա, ով ամբողջ կյանքում պայքարում էր հայոց պետականության համար, հենց այդ օրը պետք է բոլորիս իր գիրքը նվիրեր: Հավատում եմ նույնիսկ, որ իրեն բնորոշ քմծիծաղով ու ակնոցի վրայից վահանական հայացքով հիմա նայում է ու սպասում արձագանքների:
….«Վահան, քեզ ոչ միայն չեն հեռացրել կուսակցությունից, այլև բոլորս քեզ կարոտել ենք…..»: Այս խոսքերով էլ մեկնարկեց ընկեր Վահանի գրքի (հավատում ենք՝ ոչ վերջին) շնորհանդեսը: Ու քանզի Վահան Հովհաննիսյանը միշտ եղել է անզուգական, թերևս անկրկնելի անհատ ու քաղաքական գործիչ ներկայացնել շնորհանդեսում իր մասին ասված խոսքերը անիմաստ է. դրանք չեն փոխվել այս ամիսների ու իր ֆիզիկական բացակայության ընթացքում, իսկ եթե կան մարդիկ, որ չգիտեն, թե ինչպես են բոլոր՝ և կուսակիցները, և քաղաքական ընդդիմախոսները արտահայտվել ընկեր Վահանի մասին, ապա թերևս այդպես էլ թող շարունակվի: Դրա փոխարեն ներկայացնենք որոշ հատվածներ «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքից, որում Վահանն է՝ այնպես, ինչպես կա, իր հետ արված հարցազրույցներում ու դրանցից դուրս սեփական մտքերի շարադրանքի մեջ:
Կանանց մասին
-Կանանց հաճա՞խ եք հաճոյախոսություններ անում:
-Ամեն հնարավոր պահի, իհարկե, եթե նրանք դրան արժանի են: Հաճոյախոսությունը պետք է սուտ չլինի: Որովհետև կինն այդ հարցում միշտ էլ մեզանից մի քանի անգամ ավելի խելոք է: Եվ եթե նա զգում է, որ դու ուղղակի կեղծավորություն ես անում, ապա նրան էլ է տհաճ, քեզլ էլ: Ուստի դու պետք է ասես առնվազն 70 տոկոս ճշմարտությունը:
-Կանանց մեջ խելքը սիրո՞ւմ եք:
-Պատկերացրեք՝ այո: Տղամարդիկ կանանց առաջին հայացքով ուսումնասիրում են՝ հատուկ ուշադրություն դարձնելով առանձին բարեմասնություններին: Ոմանք սկսում են կրծքերից, ոմանք՝ ոտքերից: Բայց հետո դրան պետք է գումարվի խելքը, որ մարդու հետ հաճելի լինի խոսել, իրար հասկանալ: Իհարկե, վտանգավոր է, որ կինը և խելացի է, և գեղեցիկ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև դու դառնում ես նրա գեղեցկության ստրուկը և չես կարողանում հակակշռել քո խելքով: Եվ նա քեզանից ուժեղ է դառնում:
Ինչո՞ւ….
Եթե հարցնեք մեր կառավարության ներկայացուցիչներին, թե ինչու օտարերկրյա ներդրումները չեն հոսում մեր երկիր, պատասխանը կանխատեսելի կլինի՝ շրջափակում, անավարտ ռազմական հակամարտություն, օգտակար հանածոների պակաս և այլն: Եթե նույն հարցը տաք ընդդիմության ներկայացուցիչներին, նրանք, բնականաբար, պատճառը կհամարեն համատարած կոռուպցիան, կաշառակերությունը և իշխանությունների անկատարությունը:
Նրանք, իհարկե, ճիշտ են, ինչպես ի դեպ նաև նրանք, ովքեր տրտնջում են, թե մեր ընդերքն աղքատ է, տարածաշրջանն անկայուն և շրջափակված ենք: Այո, սա հենց այն դեպքն է, երբ երկու կողմն էլ ճիշտ է, սակայն կարծում եմ, որ այլ պատասխան էլ կա:
Հարավային Կորեան և Թայվանը տասնամյակներ շարունակ ապրել և ապրում են ագրեսիվ և ուժեղ հարևանների հետ՝ անավարտ ռազմական հակամարտության պայմաններում, սակայն օտարերկրյա ներդրումներին այդ հանգամանքը երբեք չի խանգարել և դա այն դեպքում, երբ այդ երկրները, ինչպես նաև ասիական-խաղաղօվկիանոսյան ավազանի ՝ զարգացման բարձր մակարդակին հասած այլ պետություններ չեն կարող գլուխ գովել, թե հարուստ են օգտակար հանածոներով և կոռուպցիայի մակարդակն էլ այնտեղ մինչև վերջերս նույնպես ավանդաբար բարձր էր:
Այնպես որ՝ միայն մեր իշխանությունների ու ընդդիմության բերած փաստարկներն ակներևաբար բավարար չեն՝ բացատրելու համար «աուտ»-ի այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը միջազգային ներդրումային քաղաքականության դաշտում: Ինձ թույլ կտամ ըմբոստ ենթադրություն անել՝ իսկ գուցե մենք կորցրե՞լ ենք մեր գրավչությունը, որովհետև խեղդվում ենք տգիտության մեջ ու հետ ենք վարժվել աշխատելուց:
Վահան Հովհաննիսյանի մայրը
Գաղափարների ու բարեփոխումների մասին
Հիշո՞ւմ եք Միդաս արքայի մասին հին լեգենդը. Նա ոսկի էր դարձնում ամեն ինչ, ինչին հպվում էր, ի վերջո, քաղցից մահացավ: Մեզ մոտ էլ համարյա նույն բանն է՝ հակառակ նշանով. Ցանկացած առողջ գաղափար, որը իշխանությունը հանձն է առնում իրագործել, վերածվում է… մի խոսքով՝ բոլորովին այլ սուբստանցիայի, իհարկե, որը նույնպես չի ուտվում: Իշխանություններին դա, անշուշտ, քաղցի չի մատնի, սակայն հասարակությանը զգալի վնաս կհասցնի….
Վահան Հովհաննիսյանի որդին:
Սոլժենիցյան բանաձև
Սոլժենիցյան բանաձև կա՝ իր հայրենիքը սիրողը պարտավոր չէ սիրել նրա ցանկացած կառավարություն: Դա այդպես է, սակայն այստեղ էլ, ուշադրություն դարձրեք, խոսքը հայրենիքի կամ դրա կառավարության նկատմամբ զգացմունքային վերաբերմունքի մասին է: Իսկ երբ կառավարության նկատմամբ վերաբերմունքը երկար տարիներ հիմնված է եղել լիակատար անտարբերության վրա, երբ իշխանության գործունեությունը դադարում է հետաքրքիր լինել, զգացմունքների այդ տխուր բացակայությունը անխուսափելիորեն տարածվում է նաև հարենիքի վրա: Իշխանությանը հարկավոր է վերականգնել հեղինակությունը: Հենց հեղինակությունն է, որ նրան չի բավարարում, և հենց դա է մեզ՝ դարերի խորքից հասած տխուր ժառանգությունը: Չկա այն առանցքը, որի շուրջ հնարավոր կլիներ ստեղծել Ավանդույթը: Մենք՝ քաղաքացիներս կամ համերկրացիներս (ում ինչպես դուր է գալիս), չենք կարող վերցնել ու հեղինակություն նվիրաբերել իշխանությանը, իշխանությունն ինքը պետք է այն նվաճի, դրա համար անհրաժեշտ է ընդամենը երեք որակ: