29/05/2015 16:46
Վարդան Պետրոսյանի գործ. Տուժող կողմն իր քայլերով միայն ցանկանում է արդարացնել բողոքարկումները
Դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս մեկ տարի առաջ համաձայնվել է հոգալ Տաթևիկ Հակոբյանի առողջության վերականգնողական բուժման ծախսերը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Տուժող կողմը մոտ մեկ տարի առաջ պահանջ էր ներկայացրել, որ Տ. Հակոբյանի բուժումը կազմակերպվի Կարմիր խաչի հիվանդանոցում, Վ. Պետրոսյանն էլ ընդունել է առաջարկը, սակայն հետագայում Տ. Հակոբյանը չի ներկայացել հետազոտության, բոլոր դեպքերում, դրա մասին մեզ որևէ տեղեկություն չեն տվել՝ չնայած նրան, որ գործում առկա ապացույցների համաձայն, Հակոբյանները ստացել են Կարմիր խաչի տնօրենի կողմից գրություն, թե ինչպես պետք է կազմակերպվի Տաթևիկ Հակոբյանի բուժումը: Ես ինքս մասնակցել եմ այդ գործընթացին և գտնում եմ, որ Վարդան Պետրոսյանն իր կողմից արել է ամեն ինչ, որ կազմակերպի Տաթևիկ Հակոբյանի բուժումը: Եթե Տաթևիկը չի գնում հիվանդանոց բուժում ստանալու, Վարդան Պետրոսյանը ի՞նչ պետք է անի: Դատարանում, ներկայացված հայցի համաձայն, իրենք պահանջել են, որ Տաթևիկի հետագա բուժումը կազմակերպվի Կարմիր խաչի հիվանդանոցում, Վարդան Պետրոսյանը համաձայնել է և լիազորել է ինձ կնքել հիվանդանոցի հետ պայմանագիր, որ Տաթևիկ Հակոբյանի բուժման համար նա է վճարելու՝ որքան էլ այդ գումարը կկազմի, իսկ այժմ ասում են՝ այնտեղ չեն ուզում բուժվել, ուզում են այլ վայրում, այն էլ՝ ոչ հիվանդանոցում»,-ասաց նա:
Փաստաբանի համոզմամբ՝ նոր եռակողմ, քառակողմ պայմանագրեր կնքելու կարիք չկա, իսկ առաջարկի նպատակը, իր կարծիքով, այն է, որ տուժողները ցանկանում են արդարացնել իրենց կողմից Վճռաբեկ բողոք ներկայացնելը:
««Gold gum»-ում բուժումը տարեկան 500-600 հազար դրամ պետք է լինի, ոչ ոք, այդ թվում Վարդան Պետրոսյանը այդ գումարի պատճառով երբեք չէր հրաժարվի հաշտվելու առաջարկությունից, հետևաբար դա հաշտվելու առաջարկություն չէր, եթե դա լիներ առաջարկություն հաշտվելու համար, ապա հավաստիացնում եմ Ձեզ, դա չէր արվի մամուլով, այլ՝ երկու կողմերը կնստեին սեղանի շուրջ, և առանց մամուլի և հասարակության ներգրավման, ձեռք կբերեին համաձայնություն: Համոզված եմ, որ առաջինը Վարդան Պետրոսյանն է շահագրգռված հաշտության, բայց այն քայլերը, որ կատարում է տուժող կողմը, դրանք հաշտությանը ուղղված քայլեր չեն, մամուլով և հասարակությանը իրազեկելով հաշտություն չեն կնքում, դա արվում է միայն այն ժամանակ, երբ ցանկանում ես արդարացնել բողոքարկումները, որ տեսեք՝ մենք չէինք ուզում, բայց Վարդանը չհամաձայնվեց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: