29/05/2015 14:00
Հակոբ Հակոբյանի գազալցակայանում հրդեհը եղել է հրդեհատեխնիկական կամ էլեկտրահամակարգի խախտման պատճառով
Նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Զվարթնոց գյուղում գտնվող գազալցակայանում մայիսի 25-ին հրդեհ է բռնկվել հրդեհատեխնիկական կամ էլեկտրահամակարգի խախտման պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ՏԿԱԻՆ գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:
Նրա խոսքով՝ Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում վերջին անգամ ստուգումներ իրականացվել են 2010 թ, մինչդեռ գազալցակայանները տարին մեկ անգամ պետք է տեխզննում անցնեն։
«Հակոբ Հակոբյանի գազալցակայանում հրդեհն սկսվել է խողովակի բռնկումից, այնուհետև տարածվել ու պայթեցրել Volkswagen մակնիշի ավտոմեքենան: Եթե կա հրդեհ, նշանակում է, որ գազալցակայանում եղել է հրդեհատեխնիկական կամ էլեկտրահամակարգի խախտում»,– ասաց նա, նշելով, որ սա իրենց պրակտիկայում հազվադեպ պատահող դեպքերից է: