30/05/2015 13:23
Կապույտ լիճ տեղամասի խողովակները «Նաիրիտի» վերագործարկման հետ որևէ կապ չունեն. Անուշ Հարությունյան
Այն որ Կապույտ լիճ տեղամասի խողովակները վաճառվում են, դա ոչ մեկի համար նորություն չէ: Այդ խողովակաշարը գործարանի հետագա վերագործարկման հետ որևէ կապ չունեն և չեն էլ կարող ունենալ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից, համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանն՝ անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե խողովակաշարի վաճառքը կարող է խոչընդոտել գործարանի հետագա վերագործարկմանը: «Դա նորություն չէ և անընդհատ այդ մասին խոսվում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 168 ժամը գրել էր, որ «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը փորձում է «ձեռքերը լվանալ» Կապույտ լիճ տեղամասի խողովակները վաճառելու գործից: Թերթի տեղեկություններով նրանք հրավիրում են համակարգող խմբի անդամներին ու համոզում` ստորագրություն տալ, որ համաձայն են խողովակների վաճառքին: Հիմնական փաստարկն աշխատավարձերի պարտքի վճարումն է: Սակայն, մասնագետների պնդմամբ, այդ խողովակների վաճառքի դեպքում այլևս հնարավոր չի լինի «Նաիրիտի» վերագործարկումը: Այսինքն, եթե գործարանի հետ կապված իրապես լուրջ նպատակներ լինեին, այդ խողովակների վաճառքի հարցն ընդհանրապես չէր քննարկվի: Այժմ խնդիրն այն է, որ բաժնետիրոջ բացակայության պայմաններում, երբ բաժնետոմսերը շարունակում են գրավադրված մնալ ԱՊՀ Միջպետական բանկում, ո՛չ գործարանի ղեկավարությունը, ո՛չ էլ ՀՀ կառավարությունն իրավունք չունեն որևէ գույք վաճառել՝ առանց Բանկի թույլտվության:
Իսկ թույլտվություն չկա: Եվ եթե նաիրիտցիներին համակարգող խումբը տա նման համաձայնություն, ապա հետագայում դա շատ լավ «ալիբի» կլինի՝ թե՛ վաճառքն արդարացնելու (եթե Բանկը հաշիվ պահանջի), և թե՛ վերագործարկման հարցն օրակարգից հանելու համար: Խողովակները վաճառելու գաղափարի հեղինակները հաշվի չեն առել նաև, որ համակարգող խմբի անդամները լիազորված չեն բոլոր նաիրիտցիների անունից նման համաձայնություն տալու կամ չտալու: Ընդ որում, այդ խողովակների վաճառքից ստացված գումարը չի բավականացնի նաիրիտցիների աշխատավարձի ամբողջ պարտքը մարելու համար: Կստացվի, որ այդպիսով կլուծեն միայն 1-2 ամսվա աշխատավարձի խնդիր ու հետո կմոռանան պարտքի մասին»,- գրում է թերթը։
Անուշ Հարությունյանն ընդգծեց սակայն, այն որ լուրեր են շրջանառվում, թե համակարգող խմբի անդամներին կանչում և ստորագրություններն են կորզում, դա աբսուրդների հերթական շարքից է: «Այդպիսի բան գոյություն չունի և որևէ մեկին ո՛չ կանչել են, ո՛չ էլ ստորագրություն վերցրել: Այդպիսի առաջարկ չի եղել: Ինքս անձամբ համակարգող խմբի անդամ եմ, ավելին՝ այդ խմբի խոսնակն եմ և եթե այդպիսի գործընթաց լինի, ապա առաջինն ինձ պետք է ասվի»,- նշեց Հարությունյանը:
Մեր հարցին՝ թե այդ խողովակներն ինչ նշանակություն ունեն գործարանի համար՝ Ա. Հարությունյանը պարզաբանեց, որ մեկը նպաստում է կաուչուկի արտադրմանը, բայց նաև գոյությունի ունի մեկ այլ խողովակ, որից ստանում են ջուր, և որը գալիս է Կապույտ լճի խողովակաշարով: «Այնտեղից գալիս է երկու խողովակաշար՝ հիմնական և պահուստային, որոնցից մեկի վաչառքւ չի խանգարում մյուսի աշխատելուն: Այնպես որ, այդ ֆորցմաժորային իրավիճակում, երբ չեն կարողանում աշխատավարձերը վճարել, այլընտանք առաջարկվեց, որպեսզի այդ գշերից մեկը վաճառվի: Հիմա որքան մարդիկ կհամաձայնեն, չեն համաձայնի, սա հարցի այլ կողմն է, բայց այն, որ դրա հետ կապված համակարգող խումբը պետք է համաձայնություն տա, դա բացարձակ սուտ է»,- հավելեց գործարանի աշխատակիցը:
Նա ընդգծեց, որ համակորգող խումբը ընդամենը Նաիրիտի բողոքի ակցիաներն է համակարգում: «Մենք բոլորս աշխատանքից ազատված մարդիկ ենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին՝ ապա Ա. Հարությունյանի խոսքով՝ դրանց մասին որևէ խոսակցություն չկա: «Այս մասին դեռևս նորություն չկա, հետևաբար մեր բողոքի ակցիաները կշարունակվեն, և հաջորդ հավաքը նախատեսված է երեքշաբթի օրը: Կհավաքվենք Նախագահական նստավայրի մոտ, ժամը 11-ին»,- ասաց նա: