30/05/2015 15:47
Սեյրան Օհանյանը հետևել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին
Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ստուգատեսի մեկնարկի կապակցությամբ այսօր 5-րդ բանակային զորամիավորում է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Այցի նպատակն էր ունկնդրել ստուգատեսի մեջ ներգրավված անձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, ժամանակակից համազորային մարտ իրականացնելիս զինծառայողների՝ ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, ինչպես նաև մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժությանը ներգրավված ամբողջ անձնակազմի առջև դրված խնդիրների վերաբերյալ զեկույցները:
Լսելով զինանձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, հակառակորդի խոցման, պաշտպանական, հարձակողական և հակահարձակողական գործողությունների ժամանակ զորամիավորման պատրաստվածության մասին գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի զեկույցը՝ նախարար Սեյրան Օհանյանը առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարել է որոշակի ճշտումներ, տվել մի շարք հանձնարարականներ:
Ընդհանուր առմամբ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության նպատակն է կատարելագործել զորամիավորումների, հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները ստորաբաժանումները մարտական պատրաստականության աստիճանի բերելիս, մարտական գործողություններ կատարելիս և համակողմանի ապահովումներ կազմակերպելիս, ինչպես նաև բարձրացնել ստորաբաժանումների միջև ներդաշնակումը, փոխգործակցության մակարդակը, անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշներն ու դաշտային վարժվածության մակարդակը: