30/05/2015 14:16
Մասնագետ. Համակարգիչն ու հեռուստատեսությունն ագրեսիայի աղբյուր են երեխայի համար
Համակարգիչն ու հեռուստատեսությունը ագրեսիայի աղբյուր են, որը ներխուժում է մարդու տուն և ազդում երեխայի առողջության վրա։ Այս կարծիքին է հոգեբան Աննա Բադալյանը:
Նա ընդգծեց, որ այս հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնեն հատկապես ծնողները: Մասնագետը հորդորեց ուշադրություն դարձնել նաև երեխայի խաղալիքներին, որոնք պետք է լինեն անվտանգ. «Պետք է նաև ուշադրություն դարձնել դրանց փաթեթավորմանը: Ծնողը պետք է հետևի, թե որքան ժամանակ է երեխան անցկացնում համակարգչի ու հեռուստացույցի առջև ու ինչ է նայում և ինչ խաղում:
Մասնագետի համոզմամբ՝ այսօր երեխաների մեծ մասն ունի հատկապես խնայողի ուշադրության պակաս, մինչդեռ երեխաների համար շատ կարևոր է հոգեբանական դաստիարակությունը: «Դրա մասին պետք է մտածել դեռևս նրա սաղմնային փուլից»,- ասաց նա՝ նկատելով, որ շատ ծնողներ գտնում են, որ ավելի լավ է երեխան խաղա համակարգչով, քան՝ դուրս գա բակ, ինչը, ըստ նրա, երեխայի դաստիարակությանը վնասում է:
«Այսպես չի կարելի, որովհետև դա ազդում է երեխայի առողջության վրա։ Ամեն ընտանիքում պետք է հոգեբանական կայուն հիմք լինի, որպեսզի երեխան կարողանա ընդունել կյանքը՝ իր բոլոր դժվարություններով: Իհարկե, մեր երկրում չէ, բայց աշխարհում եղել են դեպքեր, երբ երեխաները խաղերից հետո հայտնվել են վերակենդանացման բաժնում»,-ասաց նա։
Մասնագետի խոսքով՝ երեխային լիարժեք առողջ մանկություն պարգևելու համար պետք է ծնողի հոգատարություն և առողջ ապրելակերպ, ինչը նշանակում է ճիշտ սնունդ ու հիգիենա. «Այս երկուսի պահպանման դեպքում երեխան կխուսափի բազմաթիվ հիվանդություններից»: