30/05/2015 14:46
Ա. Պողոսյան. Մանկապարտեզներում անորակ սննդի հետևանքով ավելացել են մանկական թունավորումները
Որքան էլ այսօր մանկական սննդի, պարագաների, հագուստի ու բժշկության հարցում առաջընթաց է նկատվում, այնուամենայնիվ, երեխաների խնդիրները լիարժեք ու առողջ ապրելակերպի ու պաշտպանության հարցում շարունակում են չլուծված մնալ, դրանք բազմաթիվ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեխաների պաշտպանությանը, նման տեսակետ հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա իր մտահոգությունները հայտնեց հատկապես չսերտիֆիկացված կահույքի ու խաղալիքների վաճառքի վերաբերյալ: «Պետք է հատուկ մեխանիզմ լինի, հատուկ ստանդարտներ: Մանկական կահույք պատրաստելու համար գոյություն ունեն հատուկ ստանդարտներ, որոնք այսօր չեն պահպանվում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մանկական սնունդին ու դրա սպառմանը, Սպառողների միության նախագահը նկատեց, որ անորակ սնունդը սպասռվում է մանկապարտեզներում, որտեղ վերջին շրջանում շատացել են նաև մանկական թունավորումները:
«Զանգում եմ Սննդի անվտանգության պետական տեսչություն, երեք օր է նրանց չեմ կարողանում բռնացնել, որ պատասխանեն իմ հարցերին, թե ո՞վ է սերտիֆիկացրել, ո՞վ է ստուգել և թույլ տվել, որ այդ սնունդը մուտք գործի մանկապարտեզներ: Եթե սենց բաներ են լինում, ուրեմն անտերություն է»,- ասաց նա։