30/05/2015 16:30
Վարդան Բոստանջյան. Սա կարող է վերջը լինել
Մենք ցածր եկամուտներ ունենք, էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է խիստ ծանր անդրադարձ ունենալ հասարակության ու տնտեսության վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, ապա դա նշանակում է, որ քաղաքացիները չեն կարողանում այսպիսի լուծի տակ գտնվել: Ես ամենևին էլ չեմ ուզում գույները խտացնել, բայց սա կարող է վերջը լինել»,- նշեց նա:
Բանախոսի խոսքով՝ հայաստանյան տնտեսությունը խոցելի, ծանր վիճակում է գտնվում, անգամ պաշտոնական տվյալներով առկա է աղքատության բարձր մակարդակ, արտագաղթ, ներդրումների բացակայություն, ինչն էլ պայմանավորված է մի շարք օբյետիվ և սուբյեկտիվ պատճառներով:
«Ու այս ամենի ֆոնին էլէներգիայի թանկացումը խիստ ցավալի նորություն է: Կարծում եմ՝ թե քաղաքական, թե քաղաքացիական կամք է անհրաժեշտ՝ երկիրը դուրս բերելու ստեղծված իրավիճակից»,- կարծիք հայտնեց նա՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ի ծախսերն ակնհայտորեն շատ շռայլ են, շատ փողեր ուղղակի փոշիացվել են, բացի այդ՝ էլէներգիայի թանկացումը վատ կառավարման հետևանք է:
«Բայց մենք այլընտրանք չունենք, միակ միջոցը համակարգում հանրային վերահսկողություն սահմանելն է»,-հավելեց Վ. Բոստանջյանը: