30/05/2015 12:53
«Քաղաքացիական պայմանագրի» խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը. Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագրի» խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը.
«Այս իմաստով չափազանց կարևոր է տնտեսության, առողջապահության , կրթության, դիվանագիտության, գյուղատնտեսության, ռազմական և այլ ոլորտների հայաստանցի և սփյուռքահայ մասնագետների ներգրավումը, մեր նպատակների դետալացված ճանապարհային քարտեզի պարզ և հասկանալի նախընտրական ծրագրի մշակման համար: Մենք պետք է մոդելավորենք այն Հայաստանը, որ ուզում ենք կառուցել և հասկանալի նախագծով ներկայանանք հանրությանը»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընտրական գործընթացին այսպիսի նախապատրաստումը չի նշանակում, թե իրենց չեն հասկանում, որ իշխանությունն ինչպես կեղծել է, այնպես էլ շարունակելու է կեղծել ընտրությունների արդյունքը.
«Մենք սա հասկանում ենք, բայց սրանից առավել հասկանում ենք, որ ուժեղ , ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայությունն է, որ իշխանությանը կանաչ լույս է տալիս ժողովրդի կամքը նենգափոխելու հարցում: «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է կանգնեցնել ընտրակեղծիքների երկարամյա հաղթարշավը: Սա է մեր օրակարգը»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ առաջիկայում իրենց սպասվում է չափազանց ծանր, բայց ստեղծարար աշխատանք, այնպես որ պետք է հետևողականորեն զբաղվեն ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմամբ.
«Ոչ Սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգը, ոչ ամենշաբաթյա «իշխանափոխությունները» մեզ չպետք է շեղեն մեր օրակարգից: Մենք պետք է ունենանք սեփական քաղաքական օրակարգ և առաջիկա տարիներին պիտի սպասարկենք մեր և ոչ ուրիշի օրակարգը: Պիտի ասենք մեր ասելիքը և անենք մեր անելիքը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ իշխանափոխություն իրականացնելու մի ճանապարհ կա՝ ինստիտուցիոնալ ընդդիմություն, և իրենք գնում են իշխանափոխություն իրականացնելու իրատեսական և հնարավոր ամենակարճ ճանապարհով.
«Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,- հավելեց Ն. Փաշինյանը: