30/05/2015 12:12
Փաշինյան. Մտադիր չենք երկար մնալ ընդդիմություն, հավակնում ենք ժողովրդի անունից ստանձնել ՀՀ պետական իշխանությունը
Ի՞նչ իմաստ ունի ստեղծել հերթական մի կուսակցություն, երբ առանց այդ էլ Հայաստանում 70-ից ավելի կուսակցություն կա: Բայց այդ հարցը ինքներս մեզ տվել ենք, և այսօր ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի մի կուսակցություն, որը մտադիր չէ երկար մնալ որպես ընդդիմություն, այլ հավակնում է ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պատրաստվում ենք ոչ թե խոստանալ իշխանափոխություն, մենք չենք առաջնորդելու դեպի պարտություն, այսօր արել ենք մի եզրակացություն՝ անկախ խոստումների քանակից, ՀՀ-ում իշխանության փոփոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Մեր անելիքը հստակ է՝ ՀՀ ողջ տարածքով, բոլոր քաղաքաներում և գյուղերում ստեղծել կառույցներ, բոլոր 1988 ընտրատեղամասերում ստեղծել վստահված անձանց թիմեր, ունենալ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ և այլն»,- թվարկեց նա: Ն.Փաշինյանը կարևորեվ այն հանգամանքը, որ ժողովրդին պետք է մատչելի ձևով ներկայացվի, թե ինչ և ինչպես է փոխվելու մարդկանց կյանքում իրենց իշխանության գալուց հետո:
«Հաղթել ընտրություններում և ստանձնել ՀՀ պետական իշխանությունը հանուն այն բանի, որ ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի որևէ մտքում հարց չծագի, թե որտեղ և որ երկրում պետք է ապրեն ու իրենց ապագան կապեն իրենց երեխաները: Եվ ինչպես նախորդ 25 տարիները Հայաստանի համար եղել են աևտագաղթի և հեռացման տարիներ, ապագան պետք է դարձնել հայրենադարձության ժամանակաշրջան»,- շեշտեց նա:
Նա հայտարարեց, որ այսօր արդեն հռչակում են, որ իրենց գործունեության ռազմավարական նպատակը առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թվի կուտակումն է՝ բովանդակային վերակառուցման արգասիք.
«Մեր կուսակցությունում պետք է բացառվի սուպերլիդերության սկզբունքը: Այս կառույցում չեն կայացվել անձակենտրոն որոշումներ, բոլոր որոշումները կայացվել են կոլեգիալության սկզբունքով»,- նշեց նա: