01/06/2015 19:08
«Ռեալի» փոխնախագահը հաստատել է` Բենիտեսը կփոխարինի Անչելոտիին
«Ռեալի» փոխնախագահ Էդուարդո Ֆերնանդես դե Բլասը հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որ մադրիդյան թիմի նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռաֆայել Բենիտեսը, ով ավելի վաղ հայտարարել է «Նապոլիից» հեռանալու մասին:
«Առաջիկա շաբաթվանից սկսած` Բենիտեսը կլինի ինձ համար աշխարհում լավագույն մարզիչը: Դեռ օրեր առաջ այդպիսին Անչելոտին էր, ում իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Երկու տարի առաջ էլ ինձ համար լավագույնը Մոուրինյուն էր: Հիմա Բենիտեսի ժամանակն է»,-դե Բլասի խոսքը մեջբերել է «Eurosport»-ը` հղում կատարելով «AS»-ին:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ռաֆայել Բենիտեսի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարեց չորեքշաբթի օրը: Հիշեցնենք, որ Բենիտեսն Իսպանիայիում աշխատելու մեծ փորձ ունի և «Վալենսիայի» հետ երկու անգամ հաղթել է առաջնությունում:
Կարլո Անչելոտին «Ռեալը» մարզել է 2013-14թթ. և 2014-15թթ. մրցաշրջանների ընթացքում:
Առաջին մրցաշրջանում «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում, իսկ երկրորդ մրցաշրջանում տիտղոսներ չնվաճեց` Իսպանիայի առաջնությունում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, Գավաթի խաղարկությունից դուրս մնալով 1/4 եզրափակչից, իսկ Չեմպիոնների լիգայից` կիսաեզրափակչից: