01/06/2015 17:07
ԼՂՀ 2014-ի պետբյուջեի կատարման հաշվետվություն. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1.268.1 հազ դրամ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվել է 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից:
Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։
Օրենսդիր-գործադիր քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների ու պատգամավորական խմբակցությունների անդամներ, նախարարներ ու գերատեսչությունների ղեկավարներ:
Կառավարության լիազորմամբ բյուջեի կատարողականի վերաբերյալ ամփոփ հաղորդմամբ հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Գործադիրի լիազորի ներկայացմամբ` հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 8.9 տոկոս, անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 188.8 մլրդ ՀՀ դրամ:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1.268.1 հազ դրամ` նախորդ տարվա 1137.9 հազ. դրամի դիմաց: Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 31485369.5 հազ. դրամ կամ տարվա ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակի 92.7 տոկոսը: Պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 78126479.6 հազ. դրամի ծախսեր` կազմելով նախատեսված ծրագրի 96.1 տոկոսը:
Նախորդ տարվա բյուջեի կատարողականի առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների բարձրացրած հարցերին վարչապետն ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը տվեցին լրացուցիչ պարզաբանումներ:
Նիստի ավարտին հայտարարվել է, որ 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խմբակցություններում` համաձայն հաստատված ժամանակացույցի։