02/06/2015 15:05
Մ. Բադեյան. Խնդիր չունենք ընդառաջելու այն ընկերությանը, որն իր ծախսերը չի հիմնավորում
Եթե շատերին թվում է, որ Հանրապետական կուսակցությունը կողմ է չարաշահումներին, ապա սխալվում են: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, ում կարծիքով ՀԷՑ-ի կողմից բերված հիմնավորումները էկելտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հիմնավորված չեն:
Նշենք, որ ԱԺ-ում այս պահին ընթանում է քննարկում, որին մասնակցում է նաև ՀԷՑ-ի տնօրեն Ե. Բիբինը:
Մ. Բադեյանի խոսքով՝ քաղաքական ուժերից և ոչ մեկը, այդ թվում և Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում կողմ քվեարկել ուռճացված ծախսերին:
«Եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկի, այդ քաղաքական ուժն այլևս չի վայելի այն վստահությունն ու հարգանքը, որն ունի այսօր: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և թե որպես պատգամավոր, դեմ եմ ցանկացած, այն էլ չհիմնավորված թանկացման: Ներկայացված պատճառները ավելի քան անհամոզիչ են, որոնք կոնկրետ ինձ համար տարօրինակ են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ամենն ուղղակի փաստում է ոչ էֆեկտիվ կառավարման մասին:
Ինչպես Ռ. Նազարյանը, այնպես էլ Մ. Բադեյանը ևս պնդեց, որ Հանձնաժողովը չի պատրաստվում ընդունել ՀԷՑ-ի ուռճացված ծախսերը: Նրա խոսքով` այդ ծախսերն ու մեծ կորուստները կապ չունեն էլեկտրաէներգիայի թանկացման հետ:
«Պրոբլեմ է այն, որ այսօր մենք ունենք հսկայական կորուստներ»,- նկատեց Մ. Բադեյանը՝ հավելելով, որ խնդիրը շատ ավելի խորքային է, որը լուրջ պարզաբանման կարիք ունի:
«Կրկնում եմ, որ խնդիրը կայանում է նրանում, որ բոլոր ուռճացված ծախսերը պետք է հիմնավորվեն: Եվ ես չեմ պատկերացնում մի հայի, ով պատրաստվում է այդ ծախսերին կողմ քվերակել: Իսկ ինչու եք մտածում, որ ՀՀԿ-ն ևս պետք է կողմ քվեարկի: Մենք խնդիր չունենք ընդառաջելու այն ընկերությանը, որը իր ծախսերը չի հիմնավորում»,- եզրափակեց պատգամավորը: