02/06/2015 14:22
Տիգրան Քոչարյան. Շատ զինծառայողների կարելի է հանդիպել սոցցանցերում, որտեղից էլ հակառակորդն ինֆորմացիա է ստանում
Այսօր շատ զինծառայողների կարելի է հանդիպել սոցիալական ցանցերում, որտեղից էլ հակառակորդը բավականին շատ ինֆորմացիա է ստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Հայաստանի ԱԱԾ կողմից «Odnoklassniki.ru» սոցցանցում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերերի բացահայտմանը:
«Սա մշտական երևույթ է, և ամեն օր այսպիսի օգտատերեր ստեղծվում են: Շատ գովելի է մեր հատուկ ծառայությունների քայլը, սակայն, միևնույն ժամանակ, ճիշտ կլիներ նշել նաև նրանց՝ ինֆորմացիայի ստացման աղբյուրները»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
Սրան զուգահեռ նա ընդգծեց, որ շատ բարդ կլինի զինծառայողների շրջանում արգելել սոցցանցերի օգտագործումը.
«Կարծում եմ՝ պետք է դեռ դպրոցում նախնական ռազմական պատրաստություն դասավանդման ժամանակ ուսուցչի, բանակում՝ հրամանատարի կողմից այս ամենը բացատրվի և աշխատանք տարվի: Լավագույն դեպքում պետք է շփվեն միայն ծանոթների հետ»:
Նա ընդգծեց, որ այս առումով հատկապես վտանգավոր է հենց «Odnoklassniki.ru» սոցցանցը, քանի որ այն մեր հատուկ ծառայությունների կողմից ավելի քիչ է վերահսկվում ու դրանում շատ են ադրբեջանցի օգտատերերը: