02/06/2015 09:52
Բրյուսովում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության սեփականատերը Գալուստ Սահակյանի որդին է
Երեկվանից փոխվել է «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվտանգության և պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունը. «Տրանս-Սֆեր»-ին փոխարինել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այս «մանր» խնդիրը, պարզվում է, մեծ արմատներ ունի: Բանն այն է, որ այս ընկերությունը կապվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանի անվան հետ: Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը տեղեկացել է, որ Բրյուսովի անվան համալսարանը մրցույթն այնպիսի վերնագրով է հայտարարել, որպեսզի ոչ ոք չկռահի՝ ինչի մասին է խոսքը: Բուհ-ը գրել է «…hյուրանոցային սպասարկման ծառայությունների գնման» մասին հայտարարություն, որի արդյունքում հաղթել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Մրցույթի կազմակերպման մանրուքներն իր ձեռքն էր վերցրել ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը, ով նշված ԲՈւՀ-ի պրոռեկտորն է, դա արդեն հետաքրքիր էր»: